Բրյուսելում 17 ժամ տևած հախուռն բանակցությունների արդյունքը համաձայնությունն է Հունաստանի հարցով:
Եվրամիության առաջնորդները խոստանում են աջակցություն Հունաստանին, մինչ այդ՝ առաջիկա երեք օրերին Հունաստանի օրենսդիր մարմինը պետք է ընդունի եվրոյի գոտու առաջարկած բարեփոխումների փաթեթը:
Եվրոյի գոտու երկրների հրատապ գագաթաժողովի արդյունքն ամփոփելով՝ Եվրոպական միության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ որոշումը Հունաստանին հնարավորություն է ընձեռում խուսափել սոցիալական և քաղաքական իրավիճակի բացասական հետևանքներից:
«Եվրամիության գագաթաժողովը միաձայն հասավ համաձայնության»,- առավոտյան «Թվիթեր»-ում գրել է Դոնալդ Տուսկը:
Գագաթաժողովի արդյունքն ամփոփելով՝ լրագրողների հետ հանդիպմանը Դոնալդ Տուսկը մանրամասնեց՝ Եվրամիության առաջնորդները Հունաստանին աջակցելու հարցով համաձայնության են եկել Եվրոպական կայունության մեխանիզմի շրջանակներում, ինչպես նաև Հունաստանին աջակցելու և լուրջ բարեփոխումներ կատարելու նպատակով:
Ըստ Դոնալդ Տուսկի, համաձայնությունը Հունաստանին թույլ է տալիս վերադառնալ բնականոն հուն:
Եվրոպացի պաշտոնյաները միևնույն ժամանակ հույս են հայտնում, որ Հունաստանը կկատարի խոստացած բարեփոխումները: Եվրոյի գոտու երկրների խորհրդարանները նույնպես առաջիկայում կքննարկեն այսօր առավոտյան Բրյուսելում կայացած համաձայնությանը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ով երեկ բուռն բանակցությունների ժամանակ խոստանում էր «մինչև վերջին միլիվայրկյանը պայքարել հանուն արդյունքի», այսօր համոզմունք հայտնեց, որ Հունաստանի խորհրդարանը կհաստատի եվրոյի գոտու առաջարկները:
Դոնալդ Տուսկի հետ ասուլիսի ներկայացած մյուս պաշտոնյան՝ Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբլումը ընդգծեց՝ Հունաստանի խորհրդարանը, մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարելով, կարող է վերադարձնել անդամ երկրների վստահությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կարող է երաշխավորել՝ Բունդեսթագը բաց է Աթենքի հետ երկխոսության համար, եթե Հունաստանի խորհրդարանն ընդունի անհրաժեշտ բարեփոխումները:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վերջապես ընդունել է Գերմանիայի գլխավորությամբ ներկայացված առաջարկը, ըստ որի՝ հունական կողմը պետք է վաճառի պետական բաժնետոմսերը՝ կուտակած պարտքը մարելու նպատակով:
«Ռոյթերս»-ի փոխանցմամբ, Ցիպրասը նաև դադարեցրել է 86 միլիարդ եվրոյի աջակցության պատրաստակամություն հայտնած Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկներին հակադրվելը: Անգելա Մերկելը բացատրել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի գերմանական Բունդեսթագն աջակցի Հունաստանի օգնության ծրագրին:
Հունաստանի քաղաքացիների արձագանքը
Հունաստանի քաղաքացիների մի մասը գոհունակություն է հայտնում, որ ավելի քան երկու շաբաթ փակված բանկերը կբացվեն: Մինչդեռ, փորձագետները կարծիք են հայտնում, որ տևական ժամանակ քաղաքացիների համար նախատեսված սահմանափակումները կշարունակվեն, և նրանք հնարավորություն կունենան բանկոմատներից ստանալ ընդամենը 60 եվրո:
«Իմ առաջին արձագանքն այն է, որ հույները չպետք է հանդուրժեն ստորացումը»,- գնահատելով բրյուսելյան պայմանավորվածությունը՝ ասել է աթենքցի Պանայոտիսը։
Մասնավոր բիզնեսում աշխատող Քրիստինան հիասթափված է.- «Սկզբում նրանք շատ եռանդուն էին: Մենք ունեինք հույսի շող: Մենք պատրաստ էինք ինչ-որ մի վատ բանի, բայց տեղի ունեցավ ամենավատը»։
Մեկ այլ քաղաքացի՝ Մարիաննան բացատրում է.- «Լսեք, դա ինչ-որ կարգի հաղթանակ է, բայց դա հարաբերական հաղթանակ է, քանի որ միջոցառումները շատ խիստ են: Մարդիկ տառապել են անցած 5 տարիներին, և ավելին նոր է սկսվում»:
Հույները, քննարկելով եվրոյի գոտում մնալու տարբերակի գինը, փորձում են պատկերացնել, թե ինչ է կատարվելու երկրում առաջիկա ամիսներին:
Հարցումներին մասնակցող քաղաքացին գնահատում է. - «Դա դժվար է, դժվար է: Եկեք նորից խոսենք 5 կամ 6 ամիս անց»։