Հույս ունեմ, որ մինչև 2015-ի ավարտը ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթուղթ կունենանք․ Պողոսյան

Ձախից՝ աջ․ Լևոն Բարսեղյան, Թևան Պողոսյան, Ստեփան Գրիգորյան

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ոլորտի մասնագետները քննարկում էին Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ երկրների Ռիգայի գագաթնաժողովում Հայաստանի ձեռքբերումներն ու բացթողումները: Քննարկման գրեթե բոլոր մասնակիցները միաբերան պնդում էին` Հայաստանի համար ճիշտ ճանապարհը Եվրամիությունն է, ոչ թե Եվրասիականը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, օրինակ, փորձել է պարզել, թե արդեն կես տարի Մաքսային միությանն անդամակցող Հայաստանը որքան ապրանք է արտահանել Ռուսաստան, սակայն նույնիսկ այդ տեղեկությունը նրան ստանալ չի հաջողվել:

«Ասում են՝ գաղտնի է: Չհասկացա, էդ լոլիկը մտնո՞ւմ է Ռուսաստան, թե՞ չի մտնում, ես զենքի մասին չեմ հարցնում», - ասաց Ստեփանյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն էլ կրկնեց` Հայաստանի ապագան Եվրոպայում է: Հատկապես որ հիմա Եվրամիությունը Հայաստանի հետ բավականին ճկուն քաղաքականություն է վարում, և պատգամավորը վստահ է, որ արդեն սեպտեմբերին Եվրամիությունը Հայաստանի հետ բանակցելու մանդատ կստանա:

«Ապրիլին այդ որոշումը չընդունվեց, մայիսին մինչև գագաթնաժողովը և հենց այդ օրը Եվրամիության կողմից հայտարարվեց, որ իրենք պատրաստ են տրամադրել բանակցային նոր մանդատ Եվրամիության թիմին, որ Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսվեն: Սեպտեմբերին եթե սկսեն բանակցությունները, ապա մենք ունենք բանակցված տեքստեր՝ քաղաքական բաղադրիչը կարելի է ամբողջությամբ ներառել, տնտեսական բաղադրիչի նույնպես մեծ մասը կարելի է ներգրավել: Հույս ունեմ, որ մինչև 2015 թվականի ավարտը կունենանք ստորագրված փաստաթուղթ», - ասաց Պողոսյանը:

2 օր առաջ Եվրախորհրդարանը Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձևը ընդունեց, որտեղ շեշտվում է, որ վերանայված քաղաքականությունը պետք է լինի առավել ռազմավարական և ճկուն ու հաշվի առնի յուրաքանչյուր տարածաշրջանի մարտահրավերները, միմյանցից տարբերվող ձգտումները և քաղաքական նպատակները: Թևան Պողոսյանը դրական գնահատեց այդ բանաձևի ընդունումը:

«Դրական կետերից մեկն այն էր, որ մեկ անգամ ևս շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղի հանրության հետ պետք է աշխատել, և ներգրավումը չի նշանակում ճանաչում, բայց, այնուամենայնիվ, պետք է ավելի ու ավելի այնտեղ աշխատանքները կատարվեն: Որ ճանաչում են Հայաստանի հետ կարևորությունը համագործակցության և Հայաստանը իրենց տեսադաշտից չի կորում», - ընդգծեց պատգամավորը:

Եվրամիությունը Հայաստանի համար մի շարք ծրագրեր է իրականացնում, չնայած պաշտոնական Երևանը նախընտրեց Մոսկվայի ստեղծած դաշինքը: Օրինակ, դյուրացվել է վիզաների տրամադրումը, Հայաստանն օգտվում է կրթական, փոքր ու միջին բիզնեսի զարգացման ծրագրերից:

Բանախոսները նշեցին, որ Եվրամիությունը, տարածաշրջանում իր շահերից ելնելով, չի ցանկանում կորցնել Հայաստանը:

Ստեփան Գրիգորյանը խոսեց Ռիգայի գագաթնաժողովում ընդունված Հայաստանի համար կարևոր մի փաստաթղթի մասին․ - «Ֆիքսվեց մի կետ՝ ավիացիայի հետ կապված, եվրոպական էդ ընդհանուր ցանց մտնելու»:

Հայաստանում ավիատոմսերի բարձր գների պատճառով շատերն են նախընտրում ճամփորդել հարևան Վրաստանից, որտեղ գներն անհամեմատ ցածր են: Եթե Հայաստանը շարունակի ավիատոմսերի բարձր գների այս քաղաքականությունը, ապա, հանդիպման մասնակիցների կարծիքով, կշարունակի բավականին լուրջ ֆինանսական միջոցներ կորցնել: