Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ։
Ինչպես փոխանցում են Քննչական կոմիտեից, նախնական քննության նյութերի համաձայն, Տույ մականունով 38-ամյա Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9 միլիմետր տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9 միլիմետր /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են երեկ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:
Ղազարյանը ձերբակալվել է:
Հիշեցնենք, երեկ ոստիկանությունը Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից ապօրինի զենք զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման էր ենթարկել Ղազարյանին և ևս 6 անձանց՝ 34-ամյա Արթուր Բորյանին՝ Կվաս մականունով, 27-ամյա Հրանտ Անանյանին, նախկինում երեք անգամ դատապարտված 36-ամյա Սարգիս Հարությունյանին, 31-ամյա Արայիկ Խաչատրյանին, նախկինում դատապարտված 39-ամյա Արմեն Մուրադյանին և 30-ամյա Սարգիս Զարգարյանին: