Պատրաստ են վերանայել ԼՂ կարգավիճակը «միայն Ադրբեջանի կազմում»

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են, և Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում հստակ է»: Այս մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հավելելով, թե որպես փոխզիջում կարող են «վերանայել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միայն Ադրբեջանի կազմում»:

«Ադրբեջանի դիրքորոշումը շատ կառուցողական է՝ զինծառայողները պետք է ետ քաշվեն, բռնի տեղահանվածները վերադառնան տուն, ճանապարհները բացվեն և հետո միայն վերականգնվեն հարաբերությունները: Բոլոր ճանապարհների և հաղորդակցության ուղիների բացումը մեզ հնարավորություն կտա քայլ առ քայլ նորմալ հարաբերություններ կառուցել տարածաշրջանում: Բոլորը գիտեն, որ բանակցություններն ընթանում են հենց այդ հիմքի վրա»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարն ու հավելել, թե համանախագահներն ու ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում:

«Մնում է միայն, որ Հայաստանն էլ դա ընդունի, ինչը վաղ թե ուշ տեղի է ունենալու, չեմ կասկածում»,- APA-ի փոխանցմամբ, ասել է Մամեդյարովը: