Հետխորհրդային Ռուսաստանի առաջին մեծահարուստներից մեկը հաստատվել է Ղարաբաղում

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանի ամենամոլի ազգայնականներից մեկի տեղափոխվելը Լեռնային Ղարաբաղ դարձել է ռուսաստանյան մամուլի վերջին օրերի թերևս ամենաքննարկվող թեման:

Հետխորհրդային Ռուսաստանի առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ տնտեսագետ Գերման Ստերլիգովը, լքել է վերջին տասնհինգ տարիներին իր բնակության վայր Սլոբոդա գյուղական համայնքը և ընտանիքով հաստատվել Ղարաբաղում:

Պաշտոնական Ստեփանակերտը առայժմ չի շտապում մեկնաբանել նրա՝ Ղարաբաղում բնակվելու մտադրությունը: Փոխարենը Ստերլիգովը հասցրել է արժանանալ ղարաբաղյան հանրության համակրանքին, ռուս ազգայնականն էլ իր հերթին Ղարաբաղից տված հարցազրույցում հայտարարում է․ - «Լեռնային Ղարաբաղը հրաշալի ազգաբնակչությամբ գեղեցիկ երկիր է: Երջանիկ են այն հայերը, ովքեր նման հայրենիք, պատմություն ու նման բնություն ունեն: Նման գեղեցկություն, նման բերրիություն, և որ ամենակարևորն է՝ ոչ մի տեղ չեմ տեսել նման բարի փոխհարաբերություններ մարդկանց միջև, ինչպես այստեղ է: Ագրեսիայի մակարդակը զրոյական է»:

Գիտնականներին ֆիզիկապես ոչնչացնելու կողմնակից, թատրոնն ու կինոն սատանայի դպրոց համարող Ստերլիգովին տեսախցիկները վերջին օրերին ֆիքսել են Ղարաբաղի գիտամշակութային կենտրոն դառնալու հավակնող Շուշի քաղաքում:

Ռուսական լրատվամիջոցների հրապարակած կադրերում Ուղղափառ եկեղեցու նվիրյալ միլիարդատերը տեղափոխվում էր թանկարժեք մեքենայով և թիկնապահների ուղեկցությամբ:

Տարիներ առաջ Ռուսաստանի նախագահի, ապա Կրասնոյարսկի մարզի ղեկավարի, հետո նաև Մոսկվայի քաղաքապետերի պաշտոններին հավակնած ու չընտրված Ստերլիգովը, առիթը բաց չթողնելով, տեսախցիկների առջև հայտարարել է, որ երկուշաբթի օրը Շուշիում նախատեսված իր ասուլիսում կպատմի ճշմարտությունը, որը սակայն «կարող է դուր չգալ շատերին»:

Շունչները պահած այդ ասուլիսին սպասող ռուսաստանցի լրագրողներն առայժմ գուշակություններ են անում՝ ի՞նչ կարող է հայտարարել տարիներ շարունակ խուլ գյուղում մեկուսացած և արտաքին աշխարհի հետ իր կապերը գրեթե խզած Ստերլիգովը, ինչո՞ւ որոշեց հենց Ղարաբաղում հաստատվել, ինչո՞վ է զբաղվելու՝ հողագործությա՞մբ, անասնապահությա՞մբ, թե՞ իր նախկին մասնագիտությամբ՝ դագաղագործությամբ:

Մինչ ամուսինը երկարաձգում է ինտրիգը՝ տիկին Ստերլիգովան արդեն հայտարարել է իր բիզնես նախագծերի մասին։ Զգեստապահարանը բացառապես ռուսական ավանդական տարազով համալրող Ալյոնա Ստերլիգովան, պարզվում է, մտադիր է Ղարաբաղում նորաձևության տուն բացել. երկարափեշ, ժուժկալ, նաև գունեղ, իր պատկերացմամբ՝ հայ կնոջ կերպարին հարիր այդ հավաքածուն առաջին անգամ կցուցադրեն լեռներում:

Ստերլիգովների ղարաբաղյան ապագան դեռ մշուշոտ է․ Գերման Ստերլիգովը կարող է ներգրավվել «Ռուս ազգայնականների մարտական կազմակերպության» շուրջ քրեական գործում: Այս կազմակերպության անդամները դատապարտված են ազատազրկման փաստաբան Ստանիսլավ Մարկելովի ու լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանության համար։

Պատահական չէ Ստերլիգովի կապն ազգայնական այս կազմակերպության հետ, քանի որ նա ժամանակին գլխավորում էր «Ապօրինի ներգաղթյալների դեմ» շարժումը, որը մի քանի տարվա բուռն գործունեությունից հետո ռուսաստանյան դատարանի կողմից որակվեց որպես ծայրահեղական շարժում, և դրա հետագա գործունեությունն արգելվեց:

Ստերլիգովի գործունեությանը մշտապես հետևող լրագրողական հանրությունը զարմացած է. իրեն ճշմարիտ ռուս ուղղափառ գեղջուկ համարող Ստերլիգովը ընդամենը մեկ տարի առաջ հայտարարում էր «Լուգանսկի ժողովրդական հանրապետություն» տեղափոխվելու մասին, ասում էր, որ հենց այնտեղ է իսկական ռուս ժողովրդի հայրենիքը, նույնիսկ քաղաքացիություն ստանալու ցանկություն էր հայտնել ու դրական պատասխան ստացել տեղի ինքնահռչակ իշխանություններից, բայց հիմա կարծես հավակնում է ղարաբաղյան անձնագրի: