Նոր ժամկետ` Հունաստանին

Your browser doesn’t support HTML5

Հունաստանը եվրոպացիների ընձեռած վերջին հնարավորությունը պետք է օգտագործի և մինչև հուլիսի 12-ը ներկայացնի ֆինանսատնտեսական խորը ճգնաժամը հաղթահարելու ծրագրերի փաթեթ:

Եվրոպական խորհրդարանն այսօր աշխատանքը սկսել է ծափողջույններով, գրկախառնություններով: Իրարանցման պատճառը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի մուտքն էր Եվրոպական խորհրդարան:

Առավոտյան, Հունաստանի վարչապետը, դիմելով Եվրոպական խորհրդարանին, բացատրել էր հանրաքվեին «ոչ» ասելու և եվրոպացի պաշտոնյաների առաջարկները մերժելու պատճառը:

«Դա ժողովրդավարություն է, և մենք պետք է լսենք, թե ինչ կարծիքի են նրանք: Դա համարձակ որոշում էր հույների համար, և դա Եվրոպայի հետ բանակցությունները խզելու որոշում չէր, այլ՝ սեղանի շուրջ վերադառնալու և ժողովրդավարության ու հավասարության որոշում: Սա Հունաստանի խնդիրը չէ, սա Եվրոպայի խնդիրն է: Եվրոպական խնդիրները պահանջում են եվրոպական կարգավորում», - ասել է Ցիպրասը:

Հունաստանի վարչապետը խոստացել է, որ առաջիկա օրերին կներկայացնի տնտեսական իրավիճակից դուրս գալու ծրագիրը:

«Մենք վճռական ենք Եվրոպայի հետ բախման չգնալու հարցում», - ասել է Ցիպրասը: Նրա գնահատականով, սակայն, անցյալ հինգ տարիներին Եվրամիության ջանքերն արդյունավետ չեն եղել:

Երեկ Հունաստանի հարցի քննարկման արդյունքներն ամփոփելով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ եվրոյի գոտու պաշտոնյաները պատրաստ են անել անհրաժեշտ բոլոր քայլերը ֆինանսական կայունության ապահովման համար:

Տուսկի այս հայտարարությունից հետո Հունաստանի վարչապետը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «հունական կողմը կշարունակի ջանքեր գործադրել»: Նա հույս է հայտնել, որ մեծամասնությունը համաձայն կլինի իր առաջարկներին և հնարավոր կլինի դուրս գալ ճգնաժամից:

Եվրոպական խորհրդարանում շարունակվող բուռն քննարկումների մասնակիցները Ցիպրասին հորդորում են կարգավորել հարցերը:

Բելգիայի նախկին վարչապետ Գայ Վերհոֆստադտը, դիմելով Հունաստանի վարչապետին, կոչ արեց չլինել ընտրական աղետի հետևանք․ - «Հունաստանում երբեք չի եղել այնպիսի վարչապետ, որն ունենար այսպիսի ուժեղ մանդատ, ինչպիսին դուք ունեք»:

Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք էլ ունեն պատասխանատվություն, բայց նաև պնդեց, որ վարչապետը պետք է ներկայացնի բարեփոխումների փաթեթը:

Նա Ցիպրասին դիմեց՝ հարցնելով. - «Ինչպե՞ս եք ուզում հիշվել՝ ընտրական աղետի հետևա՞նք, որն իր ժողովրդին չքավոր դարձրեց իր երկրում, թե՞ Դուք ուզում եք հիշվել, պարոն Ցիպրաս, որպես հեղափոխական բարեփոխումների հեղինակ»:

Ապա Բելգիայի նախկին վարչապետը դիմեց հորդորով. - «Մի՛ դավաճանեք Ձեր ժողովրդին, որովհետև 80 տոկոսը ցանկանում է մնալ եվրոյի գոտում»:

Հունաստանի վարչապետը կլանված լսում էր այս ելույթը: Նա միաժամանակ գրառումներ էր անում: