Հացադուլավոր երիտասարդներն ասում են՝ «ոստիկանները փորձում են վախեցնել»

Your browser doesn’t support HTML5

Երեկ երեկոյան «Ազատության» հրապարակում հացադուլի նստած 4 երիտասարդները պնդում են՝ ոստիկանությունը հետապնդում է իրենց։

«Գալիս են, հրավիրում են ոստիկանության բաժին: Նոր զանգեցին՝ տնեցիքից, ասացին՝ ինչ-որ ոստիկանության բաժին են հրավիրում, անպայման թող ներկայանա: Ընկերներիս էլ են ոնց որ․․․», - պատմում էր նրանցից մեկը:

«Փորձում են վախեցնել՝ ձեր երեխաներին կանչեք տուն, և այլն, և այլն», - ասում էր մյուսը:

Հացադուլի նստած երիտասարդները Բաղրամյան պողոտայում 14 օր տևած շուրջօրյա նստացույցի ակտիվ մասնակիցներից են, ընկերներ են, 3-ը՝ 19 տարեկան, իսկ 4-րդը՝ այսօր տոնում է իր 18-րդ տարեդարձը:

«Թող բոլորը միանան՝ իմ ծննդյան օրով, թեկուզ՝ վաղը, թող տրամադրեն հավաքին, հասկանան, որ բոլորիս համար է արվում», - ասում է նա:

Երիտասարդների կողքին արդեն երկրորդ օրը հացադուլն է շարունակում նաև էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը։ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից մեկ օր առաջ դժվարանում է ասել, թե ինչ արդյունք կտա իր այս քայլը։

«Ակնկալում եմ, որ վաղը քաղաքացիները կլինեն այստեղ, իներտ չեն մնա, կմասնակցեն որոշումների կայացմանը և բոլորս միասին մեկ քայլ առաջ մեր ակցիան կիրականացնենք», - ասում է նա։

Ցուցարարները չեն շտապում կանխատեսումներ անել, հասարակության որոշակի անտարբերություն են նկատում, բայց խոստանում են պայքարել մինչև վերջ։

Տարաձայնություն որևէ մեկի հետ չկա, շարժման հարթակը բաց է յուրաքանչյուրի համար, հայտարարում է Սանասարյանը և վաղվա հանրահավաքին Ազատության հրապարակ հրավիրում «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին։