Ռուսաստանը խստացրեց ուկրաինացի օդաչուի մեղադրանքը

Նադեժդա Սավչենկոն Մոսկվայի դատարանում, մարտ, 2015թ.

Ռուսաստանցի իրավապահները խստացրել են ուկրաինացի օդաչու Նադյա Սավչենկոյի մեղադրանքը: Ռուսաստանի քննչական կոմիտեն Նադյա Սավչենկոյին մեղադրում է Ուկրաինայում իրենց մասնագիտական պարտքը կատարած ռուսաստանցի երկու լրագրողի սպանության մեջ:

Ավելի վաղ Սավչենկոն մեղադրվում էր սպանությանը հանցակից լինելու մեջ: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան:

Սավչենկոյին սպառնում է ցմահ ազատազրկում:

Օդաչու Սավչենկոն ռուսական բանտում է անցյալ տարվանից: Փաստաբանները պնդում են, որ նրան Արևելյան Ուկրաինայում գերեվարել են ռուսամետ զինյալները, ապա տեղափոխել ռուսական տարածք: Մինչդեռ Ռուսաստանի քննչական կոմիտեն չի ընդունում այս վարկածը և պնդում է, թե Սավչենկոն ապօրինի մտել է ռուսական տարածք:

Սավչենկոն կտրուկ հերքում է ռուս իրավապահների պնդումները և հայտարարում, որ Ռուսաստանն իրեն կալանավորելու և դատապարտելու իրավունք չունի:

Ուկրաինան և արևմտյան մի շարք երկրներ Ռուսաստանին հորդորում են անհապաղ ազատ արձակել Նադյա Սավչենկոյին:

Նադյա Սավչենկոյի փաստաբան Նիկոլ Պոլոզովը հայտարարել է, որ Քննչական կոմիտեից բանավոր է տեղեկացել, որ մերժվել են արդար դատաքննության ապահովման նպատակով ներկայացրած բոլոր միջնորդությունները: