Արևելյան Ուկրաինայում իրավիճակը սրվել է

Անցյալ շաբաթ Արևելյան Ուկրաինայում իրավիճակը նշանակալիորեն սրվել է, հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական խումբը` հավելելով, որ ծանր տեխնիկան, այդ թվում՝ տանկերը, շարունակում են մնալ շփման գծում:

Հրադադարի խախտումների հետևանքով երեկ սպանվել է ուկրաինացի 5 զինծառայող, 3-ը՝ վիրավորվել է:

Ուկրաինական բանակի տեղեկատվական կենտրոնը հրադադարի ռեժիմը 30 անգամ խախտելու մեջ մեղադրել է «ռուսական ահաբեկչական բանակին»: Ուկրաինական բանակի ներկայացուցիչը նաև մասնավորեցրել է, որ առավել լարված է եղել իրավիճակը Մարիուպոլի տարածքում:

Անջատականներն իրենց հերթին ուկրաինական կողմին են մեղադրում իրավիճակը սրելու մեջ: Դոնեցկի իշխանությունների անունից հանդես եկող Էդուարդ Բասուրինն իր վերջին հեռուստաուղերձում հայտարարել է, թե ուկրաինական կողմը 32 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Ըստ Բասուրինի, ուկրաինական կողմի ուժայինները հրադադարի ռեժիմը խախտում են Սպարտակ, Հոչլովկա, Օկտյաբր, Դոկուչաևսկ և այլ բնակավայրերում, ինչպես նաև Դոնեցկի օդանավակայանում:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Լիսենկոն, այսօր անդրադառնալով անջատականների հետ վերջին բանակցություններին, ասել է, որ համաձայնություն չկա գերիներին փոխանակելու հարցում:

«Ուկրաինական իշխանությունների բոլոր փորձերը գերիների փոխանակման հարցով ապարդյուն են անցնում: Ուկրաինական կողմը նախաձեռնում է հանդիպում, սակայն վերջին ամիսներին հակառակորդը համապատասխան քայլեր չի անում», - ասել է Լիսենկոն:

Տարբեր հաշվարկներով, գերեվարված է 270-300 ուկրաինացի: