«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը պնդում է, որ անցած կիրակի նախաձեռնությունը չի լքել Բաղրամյան պողոտան։
Նախաձեռնությունը այսօր հանրային քննարկում անցկացրեց Գյումրիում, որտեղ էլ Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց «Ազատության» հարցերին։
Հարցին, թե չեն փոշմանե՞լ, որ կոչ են արել ցուցարարներին գնալ Ազատության հրապարակ, Սարգսյանը պատասխանեց.- «Կոչ՝ գնալ Ազատության հրապարակ, չի եղել։ Տեքստի վերջում, որը կարդում էր Վաղինակ Շուշանյանը, եղել է առաջարկ երկու տարբերակով՝ կամ մնալ Բաղրամյան պողոտայում, կամ գնալ Ազատության հրապարակ։ Մեծամասնությունը որոշեց մնալ Բաղրամյան պողոտայում։ Բայց գրեթե 1000 մարդ էլ որոշեց գնալ Ազատության հրապարակ։ Ու մենք՝ որպես նախաձեռնություն, պարտավոր էինք թե մնալ Բաղրամյան պողոտայում, թե մարդկանց ուղեկցել Ազատության հրապարակ։ Ուստի մեր նախաձեռնությունից երեք անձ ընդհանրապես դուրս չի եկել Բաղրամյան պողոտայից, երկուսը եղել են Ազատության հրապարակում, և ես անձամբ ամբողջ գիշեր եղել եմ թե Ազատության հրապարակում, թե Բաղրամյան պողոտայում, որպեսզի կապ պահվի երկու խմբերի միջև, քանի որ ողջ գիշերվա ընթացքում ինչ-որ մարդիկ ապատեղեկատվություն էին տարածում, որով փորձում էին իրար դեմ լարել այդ երկու վայրում գտնվող ժողովրդին։ Չի եղել գնալ առաջարկ գնալ Ազատության հրապարակ, եղել է երկու տարբերակ»։
Դիտարկմանը, թե վերջին վեց օրերին «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը ուղղվող դժգոհություններից մեկն այն էր, որ կիրակի երեկոյան՝ առաջին ժամերին, երբ հավաքվել էինք Ազատության հրապարակում, հարթակից որոշ մարդիկ Բաղրամյանում մնացած մարդկանց անվանում էին սադրիչներ, նշում էին, որ այնտեղ անհասկանալի անձինք են հավաքվել, Մաքսիմ Սարգսյանը արձագանքեց՝ ոչ ոք Բաղրամյանում մնացած ժողովրդին սադրիչ չի անվանել։
«Սադրիչներ Բաղրամյան պողոտայում միշտ եղել են, մենք այնտեղ գտնվելու օրերի ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ կան սադրիչներ, կան քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր հրահրում են որոշակի գործողությունների, ինչին նաև ականատես եղանք հենց հունիսի 23-ին, երբ ուժ կիրառվեց, և շատ ուժեղ ակտիվացան քաղաքացիական հագուստով ոստիկաններն ու սադրիչներ։ Այնպես որ սադրիչներ ասելով, բնականաբար, որևէ մեկը նկատի չի ունեցել այնտեղ գտնվող ողջ ժողովրդին, այլ գլոբալ առումով երթի մեջ եղած սադրիչների մասին է խոսքը եղել։ Եղել է թյուրըմբռնում։ Որևէ մեկը Բաղրամյան պողոտայի գտնվող ժողովրդին չի անվանել սադրիչ։ Ասել ենք, որ կան սադրիչներ, որոնք մարդկանց տանում են այլ ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը։
Ի դեպ, Մաքսիմ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ որոշել են մարզային հանրային քննարկումների փուլ սկսել՝ մարդկանց ինքնակազմակերպմանը աջակցելու համար.- «Մարզերից բազմաթիվ էին արձագանքները, ու խնդիր կար մարզերի մարդկանց տեղեկացնել, թե ինչպես, որտեղ կարելի է ինքնակազմակերպվել, որովհետև վերջ ի վերջո ոչ բոլորն են կարողանում հասնել Երևան։ Ուստի որոշեցինք մարզերում հանդիպել ակտիվ ու խնդրով անհանգստացած քաղաքացիների հետ, որպեսզի կազմակերպչական առումով այլևս խնդիրներ չլինեն»։