Օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարը կրկին Գեղամ Գրիգորյանն է

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր պաշտոնավարումից մեկ տարի անց որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար աշխատանքի է հրավիրել Գեղամ Գրիգորյանին:

Գեղամ Գրիգորյանը, հիշեցնենք, թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել 1999 - 2008 թվականներին: Հետո անսպասելիորեն հեռացավ թատրոնից, և լրագրողներիս բոլոր ջանքերը` հենց իրենից տեղեկանալու, թե ինչը դրդեց նրան այդ քայլին, այդպես էլ ապարդյուն անցան:

Այսօր հրավիրած ասուլիսում նույն հարցին կրկին կոնկրետ պատասխան չհնչեց․ ասաց՝ պատճառները կարևոր չեն:

Ասուլիսի ավարտին, այդուհանդերձ, Գեղամ Գրիգորյանն անկեղծորեն ասաց, որ հոգնել էր օպերային թատրոնը «պիոներ պալատի վիճակում» տեսնելուց․ - «Հոգնեցի․․․ Ուզում էին, որ ես դառնամ ողորմություն խնդրող, իսկ ես չեմ սիրում այդ բանը: Ես կարող եմ լավ աշխատել, անել իմ աշխատանքը: Ես ուզում եմ հպարտանամ իմ թատրոնով»:

Փաստորեն, թատրոնը 7 տարի աշխատեց առանց գեղարվեստական ղեկավարի: «Ազատության» հարցին, թե ինչ էր անում այս տարիների ընթացքում, Գրիգորյանը պատասխանեց․ - «Ոչինչ չէի անում: Դաս էի տալիս, ուսանողներ ունեի»:

Ասաց նաև, որ զբաղված է Քանաքեռում երաժշտական ակադեմիայի կառուցման աշխատանքով, դա իր սեփական նախաձեռնությունն է և կառուցվում է իր միջոցներով:

Նա ասաց, որ 1999-ից, երբ առաջին անգամ ստանձնեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, շատ ցածր էր երգիչների ու երաժիշտների աշխատավարձը՝ 7 հազար դրամ: Հիմա միջինը աշխատավարձը 170 - 220 հազար դրամ է, պետությունն էլ բեմադրությունների համար շատ ավելի մեծ գումարներ է հատկացնում:

Գեղամ Գրիգորյանի համոզմամբ՝ ամեն օր պիտի ներկայացում լինի, պիտի տասնյակ ու տասնյակ ներկայացումներ լինեն, որ արտիստներն ու երաժիշտները խիստ զբաղվածություն ունենան և ոչ թե մատնվեն անգործության: