Հրաժարական և պաշտոնանկություն Ուկրաինայի կառավարությունում

Ալեքսանդր Քվիտաշվիլի, արխիվ

Ուկրաինայում հինգշաբթի օրը նախարարական պորտֆելներից զրկվել են բնապահպանության և առողջապահության նախարարները:

Առողջապահության նախարարի պաշտոնից հեռանալու որոշումը Ալեքսանդր Քվիտաշվիլին բացատրել է Գերագույն ռադայում իր հասցեին հնչած կոշտ քննադատությամբ: Նա ամենևին չտատանվելով պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել պաշտոնն իրենից ավելի լավ մասնագետի փոխանցելու հարցում:

Քվիտաշվիլին 2008-2010 թվականներին եղել է Վրաստանի առողջապահության նախարարը, Ուկրաինայի առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնել է 7 ամիս առաջ:

Երեկ հայտարարելով հրաժարականի մասին՝ նա ասել է . - «Հիմք ընդունելով այն իրավիճակը, որը ստեղծվել է այսօր, և նկատի ունենալով, թե ինչ հայտարարություններով հանդես եկան Պետրո Պորոշենկոյի խմբակցության պատգամավորները, բացարձակապես վստահ եմ՝ եթե մնամ և ազդեմ մարդկանց նյարդերի վրա, ապա օրենքները սկզբունքորեն չեն ընդունվի»:

Պատմաբան, Միացյալ Նահանգների և Եվրոպայի նորագույն պատմության ոլորտում հատուկ մասնագիտացում ստացած Քվիտաշվիլին իր հրաժարականով է պատրաստակամություն հայտնել ճանապարհ հարթել անհրաժեշտ օրենքների ընդունման համար:

Ալեքսանդր Քվիտաշվիլին Վրաստանում պաշտոնավարել է ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք: Նախօրեին Սաակաշվիլին դոնորների համաժողովի ժամանակ Ուկրաինայի առողջապահության նախարարին կոչ էր արել հրաժարական տալ, հայտարարելով, թե կոռուպցիայի դեմ պայքարի ժամանակ «անհրաժեշտ է դրսևորել ագրեսիվ վարքագիծ՝ թշնամաբար վերաբերվելով այդ երևույթին»:

Ի տարբերություն Քվիտաշվիլիի, բավականին աղմկոտ է արձագանքել բնապահպանության արդեն նախկին նախարարը: Նա փորձել է նախ արհամարհել հրաժարականի պնդումները: Երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները քվեների բացարձակ մեծամասնությամբ պաշտոնազրկել են Իգոր Շևչենկոյին: Խորհրդարանականներն այդ որոշումն ընդունել են առանց քննարկումների: Գերագույն ռադան որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով պնդումները, որ նախարարը մխրճվել է կոռուպցիայի և հովանավորչության մեջ: Մասնավորապես, ըստ այդ պնդումների, Շևչենկոն «տանիք» է հանդիսացել «Ժողովրդի կամք» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոյի բիզնես շահերի համար:

Շևչենկոն Գերագույն ռադայի ամբիոնից հերքել է մեղադրանքները, հերքել է որպես հիմնավորում ներկայացված փաստարկը, թե ինքն օգտվել է պատգամավոր Օնիշչենկոյի անձնական ինքնաթիռից : Շևչենկոն զգուշացրել է, որ այդ պնդումը ներկայացրած Ռադիկալ կուսակցության ղեկավարին դատի է տալու՝ իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի համար: