Սաակաշվիլին ակնկալում է Ուկրաինայի առողջապահության նախարարի հրաժարականը

Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Օդեսայի նահանգապետն այդ պաշտոնում ուզում է տեսնել «ագրեսիվ մարդու», որն արժանի կլինի հետմայդանական Ուկրաինային:

Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ, բարեփոխումների հարուստ փորձ ունեցող Միխեիլ Սաակաշվիլին դոնորների համաժողովի ժամանակ Ուկրաինայի առողջապահության նախարար Ալեքսանդր Քվիտաշվիլիին կոչ է արել հրաժարական տալ:

Քվիտաշվիլին 2008-2010 թվականներին եղել է Վրաստանի առողջապահության նախարարը, իսկ Ուկրաինայի առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնել է ուղիղ 7 ամիս առաջ:

«Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ կոտրել առողջապահության հին համակարգը և ներդնել նորը: Հին համակարգը փլուզվում է, իսկ նորը չի երևում, մարդիկ դժգոհ են», - հայտարարել է Օդեսայի նահանգապետը:

Ըստ Սաակաշվիլիի, նման պաշտոն ունեցող մարդը պետք է ագրեսիվ աշխատի, չխնայի թշնամուն, մինչդեռ ներկայիս նախարարն այդ հատկությունը չունի:

«Ցավոք, Սանդրոն նման հատկություններ այս փուլում չի ցուցաբերել: Նա լավ է կատարել իր պարտականությունները, ես նրան շատ լավ եմ վերաբերվում, բայց ես իրեն էլ եմ անձամբ ասել՝ առողջապահության նախարարի պաշտոնից նրա հեռանալու ժամանակն է, և մենք պետք է գտնենք ավելի ագրեսիվ մարդու», - ասել է Սաակաշվիլին՝ պնդելով. - «Անհրաժեշտ է նախկին կոռումպացված համակարգը փոխարինել հետմայդանական Ուկրաինային հարիր համակարգով»։

Իր հասցեին հնչած դժգոհությունները Քվիտաշվիլին կապում է Գերագույն ռադայի որոշ պատգամավորների խառնակչության փորձերով։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դեկտեմբերի 2-ին՝ Քվիտաշվիլիի նշանակման օրը, հայտարարել էր, որ վերջինս արմատական փոփոխություններ է կատարել Վրաստանում, և հույս էր հայտնել, որ Քվիտաշվիլին փորձառությունը կկիրառի նաև Ուկրաինայում:

Սաակաշվիլիի դժգոհության ֆոնին վերլուծաբանները հիշեցնում են Ուկրաինայի բարձրագույն ղեկավարի վերաբերմունքը Վրաստանի նախկին նախագահի գործունեության նկատմամբ. վերջինիս հակաճառող պաշտոնյաները վերջերս Ուկրաինայում փաստի առաջ են կանգնում: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր որոշումներով է հասկացնում, որ Սաակաշվիլիի հարցով անտեղի հայտարարությունների հեղինակներն անպատիժ չեն մնում: Վերջերս, օրինակ, ուկրաինական լրատվամիջոցները հայտնեցին, որ Պորոշենկոյի հետ Սաակաշվիլիի թեմայով վիճաբանած Պետական ավիացիոն ծառայության ղեկավարը պաշտոնանկ է արվել: