Stratfor. «Պաշտոնական Երևանը հաշվի է առնում Եվրամայդանի փորձը»

Հունիսի 28-ի բողոքի ցույցը Երևանի Բաղրամյան պողոտայում

Հայաստանում, սակայն, մեծ տերությունների աշխարհքաղաքական բախման գործոնը գրեթե զրոյական է, նշում են ամերիկացի վերլուծաբանները:

«Հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաները ցրելուց հետո Հայաստանի կառավարությունը զգալի զսպվածություն է ցուցաբերում: Այդ մարտավարության փոփոխությունը, սակայն, կարող է նոր լիցք հաղորդել բողոքի ակցիաներին և սրել իրադրությունը», - պնդում են ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի մասնագետները երեկ հրապարակած հոդվածում:

Stratfor-ի վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների զսպվածության գլխավոր պատճառներից մեկը անցած տարի Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերն են: «Պաշտոնական Երևանը հաշվի է առնում Եվրամայդանի փորձը, ուստի չի բացառվում, որ կամ հաշտության եզրեր որոնի, կամ էլ ցույցերի հանդեպ սպասողական դիրք որդեգրի», - գրում են ամերիկացի մասնագետները:

Stratfor-ի վերլուծաբանները հատուկ ընդգծում են, որ ի տարբերություն Ուկրաինայում 2014 թվականի ձմռանը ծավալված իրադարձությունների` Երևանում մեծ տերությունների աշխարհքաղաքական բախման գործոնը գրեթե զրոյական է:

«Ցուցարարները աշխարհքաղաքական շարժառիթներով չէ, որ առաջնորդվում են, չկա նաև արտաքին աջակցության որևէ ապացույց: Քանի որ Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատերը ռուսական РАО ЕЭС ընկերությունն է, ոմանք որպես այս բողոքի ակցիաների հիմնական թիրախ դիտարկում են Մոսկվայի [Հայաստանում ունեցած] ազդեցությունը: Ցուցարարները, սակայն, միանշանակորեն պնդում են, որ իրենց ուշադրությունը սևեռված է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման, այլ ոչ թե ավելի լայն, ռազմավարական խնդիրների վրա», - նշում են Stratfor-ի մասնագետները` հատուկ ընդգծելով, որ անգամ եթե բողոքի ակցիաների ընթացքում սկսեն Ռուսաստանի ազդեցության գոտին լքելու կոչեր հնչել` միևնույն է, դրանք հազիվ թե լայն աջակցության արժանանան:

Հայաստանում, ըստ Stratfor-ի վերլուծաբանների, ուկրաինական փորձի կրկնությունը քիչ հավանական է: «Եվրամայդանի ծագման պատճառը Յանուկովիչի` Եվրամիության հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու որոշումն էր: Փոխարենը, Հայաստանի ղեկավարի կայացրած նույնատիպ որոշումը հանրային շատ ավելի թույլ հակազդեցության արժանացավ», - նշում են նրանք:

Stratfor-ի մասնագետները, այդուհանդերձ, նկատում են, որ ուկրաինական իրադարձություններից հետո Մոսկվան շատ ավելի զգայուն է դարձել իրադրության ցանկացած սրման հանդեպ: «Ըստ ամենայնի, հենց նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար էր, որ Մոսկվան Հայաստանի հետ մերձենալուն ուղղված մի շարք շուտափույթ քայլեր ձեռնարկեց: Մասնավորաբար, Հայաստանին 200 միլիոն դոլար տրամադրվեց` ռուսական զենք ձեռք բերելու համար, ինչպես նաև Հայաստանի դատարանին հնարավորություն տրվեց քննել այն ռուսաստանցի զինծառայողի գործը, որին մեղադրում են հայկական ընտանիքի սպանության մեջ», - նշում են ամերիկացի վերլուծաբանները: