Հունաստանի դեֆոլտն այլևս իրականություն է: Կեսգիշերին լրացավ Աթենքի կողմից Արժույթի միջազգային հիմնադրամին հերթական՝ 1 միլիարդ 600 միլիոն եվրոյի վճարման վերջնաժամկետը, սակայն հունական կողմն այդպես էլ որևէ փոխանցում չիրականացրեց:
Այսպիսով Հունաստանը դարձավ զարգացած պետություններից առաջինը, որ չկարողացավ ժամանակին կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի առջև ստանձնած պարտավորությունները:
Սխալ կլիներ, սակայն, ասել, որ Եվրամիության ղեկավարության համար տեղի ունեցածն անակնկալ էր: Վերջնաժամկետը լրանալուց մի քանի ժամ առաջ Հունաստանի գլխավոր պարտատերը հանդիսացող Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում էր․ - «Ես իրադարձությունների զարգացման այլ սցենար այս պահին չեմ տեսնում: Դա, սակայն, չի նշանակում, թե մենք կփակենք [Աթենքի հետ] շփման բոլոր խողովակները: Հակառակ դեպքում մենք Եվրամիությունը չէինք լինի: Դա նշանակում է, որ բանակցությունների համար դուռը շարունակում է բաց մնալ»:
Հունաստանում երեկվանից բազմահազարանոց բողոքի գործողություններ են, որոնց մասնակիցները դեմ են արտահայտվում Եվրամիության կողմից առաջ քաշված տնտեսման ծրագրին: Ի դեպ, այդ ծրագիրը հավանության արժանացնելը առաջիկա կիրակի օրը երկրում անցկացվելիք հանրաքվեի միակ հարցն է լինելու:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն արդեն իսկ կոչ է արել դեմ քվեարկել Եվրամիության առաջ քաշած ծրագրին: Ավելին, Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ եթե իր հայրենակիցների մեծամասնությունն այնուհանդերձ կողմ քվեարկի Բրյուսելում մշակված հակաճգնաժամային փաթեթին, ապա ինքը հրաժարական կներկայացնի:
Շարքային հույների շրջանում առկա գլխավոր մտավախությունը հետևյալն է` որ այս փաթեթը կարող է նախատեսել նաև եկամուտների զգալի կրճատում:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, սակայն, հերքում է այս պնդումները: «Թույլ տվեք հստակեցնել՝ այս փաթեթով աշխատավարձերի և կենսաթոշակների կրճատում չի նախատեսվում: Այն պարզապես հնարավորություն կտա ավելի ազնիվ սոցիալական միջավայր և ավելի թափանցիկ պետական կառավարման համակարգ ստեղծել` ի վերջո նպաստելով տնտեսական աճին», - նշել է Յունկերը:
Այսօր կեսօրին հայտնի դարձավ, որ Աթենքը, որոշ վերապահումներով, բայց և այնպես համաձայնել է կյանքի կոչել Եվրամիության առաջարկած ծրագիրը:
Reuters գործակալության տրամադրության տակ է հայտնվել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի՝ Եվրամիության ղեկավարներին հղած նամակը, որում նա, մի կողմից, համաձայնում է ընդունել հակաճգնաժամային փաթեթը, մյուս կողմից էլ նշում է, որ Բրյուսելի առաջ քաշած պայմաններից մի քանիսը հունական կառավարության համար շարունակում են անընդունելի մնալ: Վիճելի կետերը մասնավորաբար վերաբերում են հունական կղզիներն ավելացված արժեքի հարկի վճարումից ազատելուն, ինչպես նաև աշխատանքային շուկայի և կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին:
Ցիպրասի առաջարկները, սակայն, Եվրամիության անդամները կարծես լուրջ չեն ընկալում: Մի քանի ժամ առաջ մեկնաբանելով Աթենքից հնչած առաջարկները՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շյոբլեն հայտարարեց․ - «Կեսգիշերից ի վեր որևէ բան չի փոխվել` երեք կողմերը` Եվրոպական հանձնաժողովն ու Եվրոպական կենտրոնական բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամն ու Հունաստանը որևէ համաձայնության չեն հանգել: Եվրոյի գոտու պետությունների միասնական տեսակետը շատ հստակ է` մինչև հանրաքվեի ավարտը որևէ բանակցություններ անցկացնելու իմաստ չկա»:
Ֆինանսական շուկայում ստեղծված անորոշության ֆոնին հունական բանկերի մեծ մասն արդեն երրորդ օրն է ինչ դադարեցրել է աշխատանքը: Հունական բանկերի միայն 1000 տեղական բաժանմունքներ այսօր բացեցին դռները` թոշակառուներին սահմանափակ գումար` ընդամենը 120-ական եվրո տրամադրելու նպատակով: Հունաստանի գրեթե բոլոր բնակավայրերում երկար հերթեր են բանկոմատների մոտ: Հույն ֆինանսիստների տեղեկություններով՝ նման աժիոտաժի պայմաններում արդեն իսկ նկատվում է կանխիկ դրամի` նախևառաջ 50 և 20 եվրո արժողությամբ թղթադրամների սուր պակաս: