ԱՀՀ-ն Բաղրամյան պողոտայի բողոքի ցույցի խաղաղ հանգուցալուծում է ակնկալում

Ամերիկայի Հայկական համագումարն (ԱՀՀ) ակնկալում է Երևանում անցնող բողոքի ակցիաների խաղաղ հանգուցալուծում: «Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում այդ մասին ասաց Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, ով նախորդ շաբաթ Երևանում էր:

Նրա խոսքով, երկու կողմն էլ՝ թե՛ կառավարությունը և թե՛ ցուցարարները, խնդրի կարգավորմանը մոտենում են լուրջ և փորձում են սառը գլխով իրավիճակի լուծումներ գտնել:

«Ողջունելի է, որ բողոքները հիմնականում խաղաղ են ընթացել, և ապահովվել է քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը», - նշեց Բարսամյանը:

Նա ընդգծեց, որ իր տպավորությամբ՝ բոլոր կողմերը հասկանում են ցուցարարների մտահոգությունների էությունը. - «Երկու կողմն էլ լուծումներ են առաջարկում, և այժմ ընդհանուր հայտարարի հասնելը, հուսամ, սոսկ ժամանակի խնդիր է»:

Ուկրաինական Մայդանի կրկնությունը Հայաստանում գրեթե բացառում է նաև Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի վերլուծաբան Փոլ Գոբլը: «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հետ հեռախոսազրույցում վերլուծաբանն ասաց, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի և ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու պատճառով Հայաստանը պահպանելու է սերտ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Հայաստանում տեղի չի ունենա որևէ իրադարձություն, որի արդյունքում երկիրը կտրուկ փոխի իր արտաքին քաղաքական ուղղվածությունը, քանի որ դա վտանգի տակ կդներ Լեռնային Ղարաբաղը», - ընդգծեց Գոբլը:

Խոսելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների մասին՝ ԱՀՀ-ի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանն ասաց, որ ներկայում նման կարևորագույն խնդիրները երկուսն են՝ անվտանգության ապահովումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը: Միևնույն ժամանակ, եթե անվտանգության ապահովման ուղղությամբ ծավալուն աշխատանք է կատարվում, ապա նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը դեռևս դանդաղ է ընթանում:

Հենց այս հարցում, Բարսամյանի խոսքով, կարող է դրական դեր խաղալ Սփյուռքը, որը մինչ այժմ կենտրոնացել էր հիմնականում Հայաստանում մարդասիրական ծրագրեր իրականացնելու վրա:

«Մեզ անհրաժեշտ է Հայաստանում իրականացվող օգնության ծրագրերից տեղափոխվել դեպի Հայաստանի հետ տնտեսական գործարարության ծրագրերի իրականացումը», - շեշտեց ԱՀՀ-ի հոգաբարձուների խորհրդի համանախագահը:

Մասնավորապես, Էնթոնի Բարսամյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտները բավականին հեռանկարային են Հայաստանի համար: