Ակնկալվում է հետաձգել Իրանի միջուկային բանակցությունների վերջնաժամկետը

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վիեննայում բանակցությունների ժամանակ, 27-ը հունիսի, 2015թ․

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ներգրավված երկու կողմերն էլ կարծում են, որ հնարավոր չի լինի մինչև որոշված վերջնաժամկետը հասնել համապարփակ համաձայնության, և որ այդ գործընթացը ավելի տևական կլինի:

Համաձայն պաշտոնական աղբյուրների, Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակությունները նախատեսում են մնալ Վիեննայում, քանի որ կարևոր խնդիրներից մի քանիսը դեռ լուծումներ չեն ստացել: Դրանց թվում են Իրանի տարածք ՄԱԿ-ի միջուկային ծրագրի գծով տեսուչների մուտքի թույլտվությունը և Իրանի դեմ պատժամիջոցները հանելու ժամանակահատվածը:

«Իրանը կազատվի պատժամիջոցներից միջուկային խնդրում գլխավոր պահանջները կատարելուց անմիջապես հետո: Որքան շուտ Իրանը կկարողանա այդ պահանջները կատարել, այնքան շուտ կազատվի պատժամիջոցներից: Այս պայմանը ամրագրված է պայմանագրում», - ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեկնել է Իրան՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Նա Վիեննա կվերադառնա այսօր:

Բանակցությունների՝ տարիներ տևած գործընթացում գրանցված հետաձգումները հանգեցրել են նրան, որ Իրանը և մի շարք երկրներ, ինչպես՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Գերմանիան, դեռ բանակցությունների ներկա փուլում են գտնվում:

Որոշ դիվանագետների կարծիքով, պայմանագրի ամփոփման իրական վերջնաժամկետը հուլիսի 9-ն է, ինչից հետո ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից պայմանագրի ուսումնասիրման ժամանահատվածը կտևի 30-60 օր:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին անցած շաբաթ օրը Վիեննայում հարցազրույցներից մեկում նշել է, որ բանակցությունները միշտ «բարդ բնույթ են կրել», և որ բանակցող կողմերը կարող են հասնել համաձայնության «ամուր քաղաքական կամք դրսևորելու» դեպքում: