Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել «Հաղորդակցվել` հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» թեմայով մեդիահամաժողովի շրջանակում:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման շուրջ: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանում տեղեկատվական, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների բնագավառում իրականացվող ծրագրերը և նշել, որ կառավարությունը շարունակելու է ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քաղաքականությունը:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ընթացքից և արդյունքներից: Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու, նոր ներդրումներ կատարելու և համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամությունը:
Նշենք, որ Ֆորումին մասնակցում են հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի կարգավորող մարմինների, մեդիաոլորտի առաջատար ընկերությունների, միջազգային կառույցների, Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռուստատեսային, ռադիո և կաբելային հեռարձակում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ: