Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կարծիքով՝ «նահանջելն էլ սխալ է»

Armenia -- Republican MP Ashot Aghababian visits #ElectricYerevan protesters on Bagramian ave, Yerevan, 29Jun2015

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով այցելել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան շարունակող ցուցարարներին, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այն, ինչ տեղի է ունենում՝ «արժանապատվության ակցիա» է:

«Էլեկտրաէներգիայի, այսպես ասեմ՝ այս վարկածը, ո՛չ 7 դրամից պակաս չէ, բայց եթե ամեն տարի 7 դրամ՝ դրան դեմ ենք այսօր: Մենք այսօր ոչ թե 7 դրամի համար ենք կանգնած, այլ կանգնած ենք, որ ամեն տարի 7 դրամ չավելացնեն», - նշեց իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Լրագրողներից մեկի հարցին՝ նախագահ Սերժ Սարգսյանի տարածած հայտարարությունը որքանո՞վ էր լիարժեք, որքանո՞վ էր բավարարում ցուցարարների պահանջները, Աղաբաբյանը պատասխանեց․ - «Ուրեմն՝ երկրի նախագահը երբեք ինքը իրենից ոչինչ չի կարող հնարել: Նրա համար գոյություն ունեն համապատասխան հանձնաժողովներ, մասնագիտական հանձնաժողովներ, որոնք իրենց կարծիքն են ներկայացնում: Երկրի նախագահը ընդամենը ասաց, որ հարկավոր է հասկանալ խնդիրը, և, իմ կարծիքով, ժամանակ խնդրեց բոլորիցդ՝ մեր երիտասարդությունից, որ փորձենք հասկանալ պրոբլեմը: Եվ ես գտնում եմ՝ դա ճիշտ է, բայց նահանջելն էլ սխալ է»:

Հարցին, թե՝ իր գնահատմամբ Բաղրամյան պողոտայում ցուցարարների մնալը ճի՞շտ է, արդարացվա՞ծ է, Հանրապետական պատգամավորը արձագանքեց․ - «Ես չեմ համարում Բաղրամյանում մնալը արդարացված: Կարող ենք Օպերայում լինել, կամ Աշտարակի խճուղում, ինչ-որ տարածքում: Այս ամեն ինչը ակցիա է, բողոքի ակցիա: Այսինքն՝ արժանապատվությունը պահելու ակցիա, և դա որտե՞ղ լինի՝ այդքան կարևոր չէ: Բայց այսօր մեր կենտրոնական փողոցն է՝ Մայդանը չէ, այլ Բաղրամյան փողոցը: Որոշողը անձն է, և եթե այսքան մարդ որոշել է մնալ՝ միգուցե ճիշտը սա է»:

Աղաբաբյանը նաև պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է Հանրապետական կուսակցությունից միայն ինքը եկել Բաղրամյան պողոտա, ասաց․ - «Չընդունեցին՝ ո՞վ է մեղավոր: Մարդը եկավ՝ չընդունեցիք»:

Ճշտող հարցին՝ այսինքն իր մեղքը չէ՞, որ չընդունեցին:

«Չէ, իր մեղքն է: Հիմա ինձ ինչո՞ւ եք ընդունում, իմ մեղքն է՞», - նշեց նա: Երբ լրագրողները նկատեցին, թե պարզապես հարցեր են տալիս, Աղաբաբյանն ասաց՝ «բոլոր դեպքերում չեք ասում․․․ вон отсюда»:

Նա նաև նշեց, որ ինքը Բաղրամյան պողոտայում է ոչ թե Հանրապետական կուսակցության անունից, այլ որպես անձ ու հավելեց․ - «Եթե յուրաքանչյուր կուսակցական չի որոշում, որ ինքը անձ է, հետո կուսակցական, ինքը արդեն կուսակցական չէ»:

«Մտահոգություն չունե՞ք, որ Ձեր կուսակիցների հետ Ձեր հարաբերությունները կսրվեն, եթե սա վերածվի այլ՝ ավելի համակարգային հավաքի, քան էլեկտրաէներգիայինն էր», - հարցին էլ հանրապետական պատգամավորը պատասխանեց․ - «Յուրաքանչյուր կուսակցություն պիտի իմանա, որ եթե ինքը իր թերությունները չի տեսնում, ուրիշը կտեսնի: Չկա այդպիսի կուսակցություն, որ թերություններ չունենա: Թերությունները՝ և՛ կուսակցության, և՛ յուրաքանչյուր կազմակերպության, ուղղողը ժողովուրդն է: Ժողովուրդն այսօր այստեղ է»: