Հայաստանի գլխավոր դատախազությունը առայժմ պաշտոնապես չի պարզաբանում և մանրամասներ չի հաղորդում Գյումրիում Ավետիսյանների սպանության գործը հայ իրավապահներին փոխանցելու որոշման վերաբերյալ:
Նախօրեին հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Ավետիսյանների սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին հապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ - ռուսական համաձայնագրի դրույթներին:
Թե երբ ու ինչպես է կայացվել այս որոշումը՝ չի հաղորդվում, մանրամասներին տեղյակ չեն նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները:
Փաստաբան Լուսինե Սահակյանը, սակայն, ենթադրում է, որ այս որոշմամբ դաժան սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ևս կհանձնվի հայկական կողմին:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախագահը բացի այս նախադասությունից նաև նշել է, որ Հայաստանի համապատասխան ատյանները պետք է դատաքննություն իրականացնեն, դա նշանակում է, որ ոչ միայն վարույթի նյութերն են տրամադրել, այլ նաև կա որոշում՝ հանձնելու Պերմյակովին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը՝ շարունակելով․ - «Որովհետև, ինչպես մենք գիտենք, Հայաստանի քրեական դատավարության օրենսդրության համաձայն հեռակա դատավարություն չի նախատեսվում, այսինքն՝ անձը պետք է լինի, որպեսզի նրա ներկայությամբ և մասնակցությամբ իրականացվի դատական քննություն»:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Երեմ Սարգսյանի համար, սակայն, Պերմյակովին հանձնել-չհանձնելու հարցը դեռ հստակ չէ, քանի որ բացի Ավետիսյանների սպանությունից, նրա նկատմամբ ռուսական կողմը ևս երեք քրեական գործ է հարուցել:
«Գիտենք, որ ռուսական կողմը նաև այլ հոդվածներով է քրեական գործ քննում Պերմյակովի նկատմամբ, ու գուցե հենց այս նրբությունները օգտագործելով՝ ինչ-որ այլ հարցեր լինեն, օրինակի համար, ասենք, Պերմյակովը վերջնականապես չհանձնվի, չփոխանցվի հայկական կողմին, այլ նրանք ապահովեն մասնակցությունը դատաքննությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Մինչ Սերժ Սարգսյան - Մաքսիմ Սոկոլով վերջին հանդիպումը ռուսական կողմը պարբերաբար նշում էր, որ Պերմյակովը կդատվի ռուսական օրենքներով, բայց Հայաստանի տարածքում՝ ռուսական ռազմաբազայում՝ արտագնա զինվորական տրիբունալի կողմից:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը չի բացառում, որ այս հարցում դիրքորոշումը փոխվել է Հայաստանում այս օրերին տեղի ունեցող ցույցերի պատճառով:
«Չեմ բացառում, որ նեղվելով այս ցույցերից, հասկանալով, որ Ռուսաստանի վարկը շարունակական անկում է ապրում Հայաստանում՝ իրենց խայտառակ գործընկերության պատճառով, երևի մտածել են փորձել փրկել այդ վարկը և երևի այս հնարքներն են գտել հարմար՝ 200 միլիոնի սպառազինություն և գործի փոխանցում ու կալանավորի փոխանցում Հայաստանի իշխանություններին, մտածելով, որ կարող է ցուցարարները հանդարտվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը:
Սակայն, ըստ նրա, «Պերմյակովին փոխանցելը, գործը փոխանցելը չափազանց ուշացած բան է, և Հայաստանի իշխանությունների բերանից լսելով՝ դա շատ նման է նրան, որ ռուսները ողորմություն են տալիս Հայաստանի իշխանությանը»:
«Ժամանակին պիտի տային, և ավելին՝ ռուսները չպիտի տային՝ Հայաստանի իշխանությունները պիտի վերցնեին գործը, ինչը պահանջում էր ամբողջ հանրությունը», - շեշտեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը:
Լևոն Բարսեղյանը, համենայն դեպս, թերահավատ է, որ հանրությունը կիմանա ճշմարտությունը, թե ինչու մի ողջ ընտանիք սպանդի ենթարկվեց․ - «Արդեն մաշված գործ է, հետքերը ահագին կորցված են, փորձաքննություններ ու էդ մնացած ամեն ինչը արել է ռուսական կողմը, և հիմա հույս ունենալ, որ կարելի լինի անկողմնակալ կամ արդար քննություն անցկացնել՝ շատ միամիտ բան է: Այսինքն՝ ամեն ինչ արեցին, պրծան, դասավորեցին, սարքեցին, և հիմա հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր հավատան արդար քննությանը այդ գործի: Ինչ-որ մի ուշացած բան է»:
Գյումրեցի մեկ այլ ակտիվիստ՝ Կարեն Պետրոսյանը դեռ պատասխան է ակնկալում Գլխավոր դատախազությունից, ընդգծում է՝ հայտարարության մեջ բազմաթիվ մութ կետեր կան:
«Հայտարարությունը՝ հայտարարություն, բայց այսուհանդերձ՝ շատ կարևոր է տվյալ հայտարարության մեկնաբանությունը, և երբ որ մեր դատախազը կունենա այդ առիթը բացատրելու, հիմնավորելու, այն ժամանակ նոր կարելի է որոշակի գնահատականներ տալ թե՛ որոշման և թե՛ որոշումից բխող հետագա գործընթացների վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը:
Ըստ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների՝ այս պահին միայն հստակ է, որ նախաքննության ավարտից հետո գործը կքննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: