Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը արձագանքել է ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած լուրերին, թե Հայաստանում տեղի ունեցածը նման է ուկրաինական Մայդանին, և որ իբր Բաղրամյան պողոտայում կարելի է տեսնել Պետքարտուղարության հետքը:
«Չեմ կարծում, որ որևէ նմանություն կա այն ամենի մեջ, ինչ մենք տեսնում ենք այստեղ՝ Երևանի կենտրոնում, և այն պայքարի, որ տեղի էր ունենում Ուկրաինայում՝ Մայդանում: Եվ որևէ կերպ Միացյալ Նահանգների ներգրավվածությունն այս հարցում չկա: Ինչպես Դուք նկատեցիք, սա ինքնաբուխ արձագանք էր հասարակության կողմից: Եվ մեր՝ որպես դիվանագետների գործը այս զարգացումներին հետևելն էր, դիտարկելը և որպես բարեկամներ՝ մեր ձայնը բարձրացնելը, ինչպես մենք արեցինք երեքշաբթի օրը», - «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է դեսպան Ռիչարդ Միլզը:
Նա հիշեցրել է, որ հունիսի 23-ին դեսպանատունը մտահոգություն էր հայտնել ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումների վերաբերյալ:
«Ուրախալի է, որ հաջորդ օրն իսկ իշխանությունների կողմից քննություն ձեռնարկվեց, այդ քննությունը պետք է լինի թափանցիկ ու անկողմնակալ, և մենք կսպասենք արդյունքներին», - նշել է դեսպանը և գոհունակություն հայտնել Երևանի ոստիկանության՝ վերջին 72 ժամերի ընթացքում ցուցաբերած «բարձր պրոֆեսիոնալիզմի առթիվ»:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ըստ էության քաղաքացիական այս շարժումը չունի առաջնորդներ և որևէ կերպ չի քաղաքականացվում, Միլզը պատասխանել է․ - «Այս խումբը կարողացել է ձևավորվել, հավաքվել և ազատ արտահայտել իր դժգոհությունը, իր բողոքը, և սա ողջունելի առանձնահատկություն է հայաստանյան ժողովրդավարության տեսանկյունից: Ես նաև հասկանում եմ, որ սա դժվարացնում է իշխանությունների գործը՝ այն առումով, թե ում հետ պետք է խոսել հարցի առնչությամբ լուծումներ գտնելու համար: Եվ ես նորից եմ ուզում նշել, որ յուրաքանչյուր ցուցարար, ով ամեն օր, ամեն երեկո դուրս է գալիս և այս ակցիային մասնակցում, պարտավորություն ունի այնպես անել, որ սա լինի խաղաղ հավաք, և իր հարգանքն ապահովել»: