ՀԷՑ-ի գործունեության աուդիտ անցկացնելու որոշման մասին հայտարարությունից հետո «Ազատությունը» մեկնաբանությունների համար դիմեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան փողոցում բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների և ոստիկանների միջև «կենդանի պատ» կազմած պատգամավորներին:
«Իմ խորին համոզմամբ, և բոլոր այստեղ հավաքվածների հույսը այն է, որ այդ չարաշահումները կհայտնաբերվեն, տասնյակ մարդիկ կդատապարտվեն կողոպուտի համար, որովհետև թալանել են այդ համակարգը և որևէ վերահսկողություն չի եղել», - ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Աուդիտը պետք է բացահայտի և վստահ եմ, որ մի շարք քրեական գործեր կհարուցվեն և կվերանայվեն այդ հայտի հիմնավորումները, և հավանաբար երիտասարդների պահանջը ամբողջովին կիրականացվի», - հավելեց նա՝ մանրամասնելով․ - «Դա նաև նշանակում է, որ ավտոմատ կասեցվում է այս որոշումը, կստուգեն, պարզեն իրավիճակը, տեսնեն իրենց մատնանշված այդ թվերը համապատասխանո՞ւմ են արդյոք աուդիտի թվերին, նոր դրանից հետո կարելի է խոսել հնարավոր բարձրացման կամ իջեցման մասին»:
«Աուդիտը շատ լավ նախաձեռնություն է, բայց մարդիկ սպասում են որոշման առ ոչինչ ճանաչմանը», - ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, - «Հուսով եմ, որ նաև բոլոր խնդիրների ուսումնասիրության այդ որոշումը կկայացվի, որի հիման վրա աուդիտը տեղի կունենա։ Բացի աուդիտից, որը կարող է վերջում վերածվել ֆինանսական աուդիտի և այլ հարցերի քննարկմանը, մենք ունենք նաև այլ կոռուպցիոն ռիսկերի խնդիրներ, տենդերներ, ատկատների հարց, որը պետք է իսկապես կարողանանք բոլորը նայենք»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հույս հայտնեց, որ աուդիտի արդյունքում ճիշտ որոշում կընդունվի:
«Որովհետև չի կարելի այն, ինչ կատարվում է այս մի քանի օրերի ընթացքում։ Ողջ հասարակությունը դժգոհություն ունի։ Եթե փոխվում է որոշումը, դա արդեն որոշակի քայլ է։ Աուդիտը ինքը պետք է շատ բաներ բացահայտի և աուդիտից հետո պետք է վերջնական որոշում լինի, թե ինչ որոշում կլինի, չեմ կարող գուշակել, բայց ինձ թվում է, հաշվի կառնվի հասարակության կարծիքը և համարժեք որոշում կկայացվի», - ասաց Ռուբիկ Հակոբյանը: