Օրաթերթից հօգուտ գործարարի 2 միլիոն դրամ գանձելը «թաքնված գրաքննություն է»

Your browser doesn’t support HTML5

«Եթե հոսանքի թանկացման դեմ ցույցը լուսաբանող լրագրողներին ուժով լռեցրին, ապա մեզ փորձում են լռեցնել իրավական միջոցներով»: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը:

Դատարանը պարտադրել է թերթին 1 միլիոն 783 հազար դրամ վճարել գործարար Խաչիկ Խաչատրյանին՝ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Այժմ թերթի միջոցները կալանքի տակ են:

«Ժողովուրդ»-ի խմբագիր Թագուհի Թովմասյանը պնդում է՝ «Երևանի Թռչնաբուծական ֆաբրիկայի» սեփականատեր Խաչատրյանը հայհոյել է իրենց լրագրողին․ ձայնագրությունն ունեն, որն էլ ներկայացրել են դատարանում:

«Եվ ձայնագրության մեջ հստակ լսվում է, որ լրագրողը հարց է տալիս, ասում է՝ հարգելի պարոն Խաչատրյան, ես ուզում եմ մի բան ճշտեմ, որպեսզի հրապարակեմ: Ասում է՝ հա, գրո՞ւմ ես, դե ուրեմն գրի ․․․ և հայհոյանքներ: Այսինքն, նա ակնհայտ գիտեր, որ մենք հրապարակելու ենք իր խոսակցությունը, բայց դատարանը դա համարեց անձնական զրույց, մենք այդ դատը պարտվեցինք», - ասաց Թագուհի Թովմասյանը:

Թերթը գործարարի հետ դատական քաշքշուկների մեջ է դեռ 2012 թվականից: Նախ «Ժողովուրդ»-ն էր դատի տվել թռչնաֆաբրիկայի սեփականատիրոջը թղթակցին հայհոյելու համար: Հետո այս գործով պարտված գործարարն էր դատարան դիմել թերթի դեմ՝ իրեն «գործարար էլիտայի բացիլ» անվանելու համար, միայն թե «Ժողովուրդ»-ը մեծահարուստ գործարարից ներողություն էր պահանջել, իսկ գործարարը՝ մոտ 2 միլիոն դրամի փոխհատուցում:

«Շատ արագ դատավճիռ է կայացվել, մենք նույնիսկ չենք հասցրել ոչ պաշտպանվենք, ոչ փաստաբան վարձենք: Շատ արագ, սպոնտան ամեն ինչ եղավ, մեկ էլ ստանում ենք վճիռը, որ մենք պարտվել ենք», - պատմեց «Ժողովուրդ»-ի խմբագիրը:

Պաշտոնյաների հետ պարբերաբար դատական քաշքշուկների մեջ հայտնվող «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը սա գնահատում է որպես խոսքի ազատության դեմ ուղղված քայլ: Միևնույն ժամանակ Օհանյանը փաստում է՝ դատարանն անտեսել է 2011 թվականի Սահմանադրական դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է վնասի փոխհատուցման հարցը որոշելիս հաշվի առնել պատասխանողի սահմանափակ միջոցները և չսահմանել պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ:

«Էս տեսակ վճիռները, եթե հասնեն Եվրոդատարան, դա հերթական խայտառակությունն է լինելու մեր երկրի համար, հերթական պարտությունն է լինելու, և մեծ տուգանք է դրվելու պետության բյուջեի վրա», - ընդգծեց Արմինե Օհանյանը:

Փորձագետների կարծիքով, այս գործը համալրում է «պաշտոնյաներն ընդդեմ լրատվամիջոցների» գործերի շարքը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այս դեպքը թաքնված գրաքննություն է որակում:

«Այս անգամ ևս մի փաստի ականատես դառանք, երբ օբյեկտիվ քննադատությունը ընկալվում է որպես վիրավորանք և զրպարտություն, և բիզնեսմենը կամ քաղաքական գործիչը փորձում է օգտագործել բոլոր իր հնարավորությունները, լծակները, օգտագործում է դատական ատյանները լրատվամիջոցի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Հայաստանում դատական բոլոր ատյաններում այս գործով պարտված լրատվամիջոցը այժմ քննարկում է ստրասբուրգյան դատարան դիմելու հարցը:

«Ես պարզապես ցավ եմ ապրում, որ Հայաստանում հնարավոր չէ գործարարի հետ մտնել դատարան և արդարությունը ձեռքիդ դուրս գալ», - ասաց «Ժողովուրդ»-ի խմբագիրը: