Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկեր երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
Քննարկվել են Ռիգայի գագաթնաժողովից հետո Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումները, ինչպես նաև Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի շուրջ մոտեցումները:
Այսօր ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան: