Կրեմլը վախենում է հայաստանյան հեղափոխությունից. Bloomberg

Ցուցարարները ոստիկանության ջրցան մեքենայի դիմաց, Երևան, 23-ը հունիսի, 2015թ.

Bloomberg կայքն, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին, գրում է, որ այս ամենը Հայաստանից դուրս կարող էր փոքր նշանակություն ունենալ, եթե ՀԷՑ-ի սեփականատերը չլիներ ռուսական խոշոր «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, որի կառավարիչների խորհրդի նախագահը Իգոր Սեչինն է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերն ու պետական «Ռոսնեֆտ» գիգանտ ընկերության գործադիր տնօրենը:

Այնպես որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ կոռուպցիոն կառավարման մեղադրանքներով ցույցերը չկանխամտածված հակամոսկովյան, եթե ոչ հակառուսական բնույթ ունեն, նշում է Bloomberg-ը:

Կրեմլը շատ է զգուշանում սրանից, գրում է մեկնաբանը, նշելով, որ Մոսկվան անհանգստանում է, քանի որ Ուկրաինայում հեղափոխությունը սկսվեց նույն ձևով՝ դժգոհություններով, փոքր ցույցերով ու միասին երգելով: Այնուհետև ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց, և բողոքի ակցիաները այնքան սրվեցին, որ երկու ամսից էլ քիչ ժամանակահատվածում Կիևի կենտրոնը կրակների մեջ էր, իսկ քիչ անց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախավ Ռուսաստան:

Ուկրաինայում հայտնի կայքերից մեկը՝ Liga.net-ը, «Էլեկտրական Երևան» բողոքի ակցիաները լուսաբանել է որպես նոր «Մայդան»: Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովը ֆեյսբուքյան էջի գրառումով քաջալերել է Երևանի ցուցարարներին, հիշեցնում է մեկնաբանը, նշելով, որ Կիևի աջակցությունը Երևանին Պուտինի աջակիցներին հուշում է, որ այն, ինչ տեղի է ունենում Երևանում, միայն տնտեսական պահանջներ չեն:

«Ես համոզված եմ՝ այնտեղ Ուկրաինայից շատ զինյալներ կան և դրսում համակարգող կենտրոն կա, որը ղեկավարում են նույն քաղաքական օպերատորները, որոնք ղեկավարում էին Կիևի Մայդանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովը: «Երևանի բողոքի ակցիաները ինքնաբուխ չեն, դրանում ոչ մի կասկած չկա», - հավելել է նա՝ ընդգծելով, որ «կազմակերպիչների հիմնական նպատակը արյունահեղությունն է»:

Bloomberg-ը նշում է, որ փոքրիկ երկրում Ռուսաստանը էներգետիկ խեղդող պարանից բացի 5000-անոց զորք է պահում՝ որպես զգուշացում հարևան Ադրբեջանին՝ չվերսկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Սառեցված հակամարտությունում Ռուսաստանը խաղում է երկու կողմում՝ վերահսկելու համար հետխորհրդային հարևաններին: Այս տարածաշրջանում հավասարակշռությունը շատ ավելի նուրբ հարց է, քան Ուկրաինայում Յանուկովիչին տապալելու ժամանակ: Հավանաբար սա է պատճառը, որ Հայաստանում և հայկական մեծ սփյուռքում հակառուսական տրամադրությունները քիչ են, նշում է մեկնաբանը։

Bloomberg-ի մեկնաբանը ամփոփելով նշում է.- «Էլեկտրական Երևանը ուկրաինական ոճի հեղափոխություն չէ դեռևս և հավանական է` չի վերածվի դրան: Այնուհանդերձ, սա Պուտինի պարանոիդ ռեժիմին զենք ճոճելու հավելյալ պատճառ է տալիս: Ավելի լավ կլիներ Ռուսաստանը զբաղվեր իր ընկերությունների ներսի կոռուպցիայով, որն օգտագործվում է նախկին կայսրությունում ազդեցությունը պահելու համար, սակայն Մոսկվան անկարող է դա կատարել, քանի որ արտահանվող ամենահիմնական ապրանքներից մեկը կոռուպցիան է: Մոսկվան կարող է պայքարել միայն ախտանիշների, ներառյալ՝ ժողովրդական ընդվզումների դեմ, որոնք դիտարկում են որպես միջազգային դավադրության մաս»: