The Washington Post ամերիկյան օրաթերթը Երևանում ընթացող բողոքի ցույցերի մասին ընդարձակ հոդված է տպագրել հունիսի 24-ի համարում։ Պատմելով իրադարձությունների ընթացքի մասին՝ հայազգի լրագրող Գարուն Դեմիրճյանը գրում է, որ մի քանի օրերի ընթացքում ծավալվելով՝ այս ցույցերը դարձել են 2Օ13 թվականից ի վեր ամենամարդաշատ բողոքի ակցիան։ Հեղինակը հիշեցնում է, որ այն օրերին հազարավոր ցուցարարներ բողոքում էին նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերընտրության դեմ։
«Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից իրականացվող տնտեսական պատժամիջոցները մեծապես ազդում են նաև Հայաստանի վրա, որը իր եկամուտների 20 տոկոսը ստանում է Ռուսաստանից փոխանցումների միջոցով», - գրում է ամերիկյան պարբերականը:
Նշելով, որ էլեկտրաէներգիայի գները 16 տոկոսով բարձրացնելու որոշումն է դարձել բողոքի զանգվածային ցույցերի պատճառ, հեղինակը շարունակում է․ - «Սակայն ցույցերն այսքան մարդաշատ չէին լինի, եթե չլիներ համընդհանուր դժգոհություն ոչ միայն տնտեսական, այլ նաև երկրի քաղաքական իրավիճակի հանդեպ»: Նա տեղեկացնում է, որ «հասարակությունը Հայաստանում մեծապես բևեռացված է, իշխանությունները՝ լեգիտիմության տեսանկյունից շատ թույլ»։
Մեջբերելով Կովկասի ինստիտուտի քաղաքական փորձագետ ու տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերը՝ թերթը գրում է, թե «մարդիկ այսօր այս եղանակով են իրենց դժգոհությունն արտահայտում երկրի նախագահի, ոստիկանության ու կառավարող Հանրապետական կուսակցության նկատմամբ»։
The Washington Post-ի հոդվածագիրը, համառոտ ներկայացնելով երևանյան իրադարձությունները, անդրադառնում է դրանց կապակցությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչների տեսակետներին, ըստ որոնց՝ Երևանի բողոքի ալիքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի հերթական քայլն է։
«Սակայն ռուսական լրատվական մի շարք գործակալություններ մեջբերում են այն փորձագետների խոսքերը, ովքեր հայտարարում են, թե Հայաստանի բողոքի ցույցերի հետևում կանգնած է ԱՄՆ-ը՝ իր «գունավոր հեղափոխության» տարբերանշանով», - գրում է թերթը:
Գարուն Դեմիրճյանն իր հոդվածն ավարտում է հետևյալ խոսքերով. - «Ցույցերը հիմնականում խուսափում են Արևմուտքին կամ Արևելքին աջակցելու մասին քաղաքական բացահայտ ուղերձներից»։