Լրագրողական ՀԿ-ները նախագահից պահանջում են բացատրություններ տալ երկրի քաղաքացիներին

Ոստիկանները բերման են ենթարկում «Պանարմենիան»-ի ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանին, 23-ը հունիսի, 2015թ.

Յոթ լրագրողական կազմակերպություններ Հայաստանի նախագահից պահանջում են բացատրություններ տալ երկրի քաղաքացիներին՝ ցուցարարների ու լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների և ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Կազմակերպությունները այսօր տարածած հայտարարությունում նշում են, որ հունիսի 23-ի առավոտյան, երբ ոստիկանության ստորաբաժանումները բիրտ ուժ կիրառելով ցրել են մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում իրականացվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական բռնության է ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ։

Լրագրողական ՀԿ-ները նախագահից նաև պահանջում են հանձնարարել ՀՀ ոստիկանապետին ծառայողական քննություն սկսել մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում ուժային գործողությունների ընթացքում ապօրինություններ ու չարաշահումներ թույլ տված ոստիկանության պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։

Դատախազությունից էլ պահանջում են իրենց այս հայտարարությունը, ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներն ու իրադարձություններին առնչվող տեսագրություններն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և հետևողականություն ցուցաբերել լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները խախտողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։

«Մենք՝ ներքոստորագրյալներս, պնդում ենք, որ լրագրողները կատարել են իրենց օրինական մասնագիտական գործունեությունը և տուժել են իրավապահների անհամաչափ և ապօրինի գործողություններից»,- ասված է հայտարարությունում։

Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրարգողների «Ասպարեզ» ակումբը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, «Լրագրողներ հանուն ապագայի» և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ները։