ՄԱԱ-ն պահանջում է դադարեցնել լրագրողների հանդեպ կիրառվող բռնի ուժը

Ֆոտոլրագրողին ոստիկանները բերման են ենթարկում, 23-ը հունիսի, 2015թ.

Մամուլի ազգային ակումբը խստորեն դատապարտում է «ոստիկանական բռնությունները և պահանջում է դադարեցնել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հանդեպ կիրառվող բռնի ուժը»:

Ակումբի հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան լուսաբանող լրագրողները հայտնվել են ոստիկանության բռնությունների թիրախում։ Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործած ոստիկանական ուժերը բռնություններ են կիրառել նաև լրագրողների հանդեպ և ջարդել նրանց տեխնիկական միջոցները, ոմանց՝ նաև բերման ենթարկել։ Հայաստանի իշխանությունները այդպիսով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել լրագրողական միջավայրում՝ կոպտորեն խոչընդոտելով նրանց մասնագիտական իրավունքը՝ լուսաբանել խաղաղ ցույցը և ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնի գործողությունները»։

Մամուլի ազգային ակումբը կոչ է անում իրավասու մարմիններին պահպանել ազատ հավաքների անցկացման, խոսքի, մամուլի և տեղեկատվության ազատության՝ Հայաստանի քաղաքացիների անբեկանելի և միջազգայնորեն ամրապնդված իրավունքները՝ հանուն Հայաստանի Հանրապետության: