Հայաստանում Բրիտանական դեսպանատունը մտահոգված է հոսանքի թանկացման դեմ այսօրվա և երեկվա ցույցերի ժամանակ լրագրողների հանդեպ ուժի կիրառմամբ, նրանց սարքավորումների դիտավորյալ վնասման և բռնագրավման վերաբերյալ լուրերով, ինչպես նաև ոստիկանության հետ գործող քաղաքացիական համազգեստով անձանց մասին տարածված տեղեկություններով և բերման ենթարկմանը չդիմադրողների հանդեպ անհամաչափ ուժի կիրառմամբ:
«Վերջին օրերին ցուցարարների և ոստիկանության շնորհիվ ապահովված բողոքի խաղաղ ցույցն այս առավոտյան ավարտվեց բռնությամբ՝ բազմաթիվ անձանց, այդ թվում լրագրողների ձերբակալություններով և հասցված վնասվածքներով», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում իշխանություններին անհապաղ անդրադառնալ այս դեպքերին և օրենքի շրջանակում ձեռնարկել համապատասխան գործողություններ», - հայտարարում է Միացյալ Թագավորության դիվանագիտական առաքելությունը։