Ոստիկանները ուժ գործադրեցին ցուցարարների, լրագրողների նկատմամբ

Ժամը 5:30՝ նախազգուշացնելուց հետո, ոստիկանները սկսեցին Բաղրամյան փողոցը ցուցարարներից ազատելու օպերացիա՝ ջրցան մեքենաների, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ:

Նախքան օպերացիան սկսելը ոստիկանները մոտեցան «Ազատության»՝ ուղիղ տեսահեռարձակում իրականացնող թիմին և պահանջելով ազատել միջանցքը՝ քաշքշեցին և տեղահան արեցին ու վնասեցին ուղիղ տեսահեռարձակող տեխնիկան:

Այնուհետև հարձակում սկսվեց լրագրողների վրա՝ այս գործում ակտիվությամբ աչքի էին ընկնում քաղաքացիական հագուստով անձինք: Նրանք թիրախավորված հարձակվում էին լրագրողների վրա, ջարդում տեսանկարահանող տեխնիկան, առգրավում տեսանկարահանող սարքերի չիպերը: Մասնավորապես՝ ջարդվեց «Ազատության» տեսախցիկներից մեկը, ինչպես նաև մեր լրագրողի հեռախոսը, որով վերջինս փորձում էր տեսանկարահանում իրականացնել: