Հարկ է նշել, որ անցած տարի ցուցանիշը նվազել էր, ինչը, ԼՂ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի համոզմամբ, ի թիվս այլնի, պայմանավորված էր նաև Ադրբեջանի հետ օգոստոսյան «փոքր պատերազմով»:
«Պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բազմաթիվ սփյուռքահայեր այլևս ունեն ՀՀ անձնագիր և հաշվառումից դուրս են մնում», - հավելեց Շահվերդյանը:
«Արցախ» հայրենակցական միության կոչով օրերս ավտոերթով Լեռնային Ղարաբաղ են ժամանել արցախցի ավելի քան 200 ընտանիքներ: Նրանց դիմավորել էր վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Լեռնային Ղարաբաղի գործադիր իշխանության ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել էր․ - «Ակցիայի նպատակներից մեկն էլ դա է՝ զբոսաշրջության զարգացումը, և զբոսաշրջության զարգացման քաղաքականությունում մեծ տեղ ենք տալիս հենց արմատներով արցախցիներին, որոնք գալու են ու մնալու են, որոնք գալու են ու ինչ-որ բան են անելու Արցախում»:
«Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի խոսքով, նման ակցիաները կարող են նպաստել հայրենադարձմանը:
Նա փոխանցեց, որ ժամանողները հիմնականում Ռուսաստանից են, Ուկրաինայից ու Հայաստանից են:
«Մենք համարյա ամեն տարի գալիս ենք: Սա իմ ամուսնուս հայրենիքն է: Պլանավորում ենք մոտ 20 օր այստեղ մնալ, հանգստանալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի երիտասարդ կին: