Երևանի Ազատության հրապարակում շարունակվում է էլեկտրաէներգայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան:
Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հրապարակում հանգիստ է, ոստիկանները չեն միջամտում: Եթե սակագնի հարցով մինչև վաղը երեկո պատասխան չստանան, շարժվելու են դեպի նախագահական նստավայր:
Շուշանյանը անընդունելի համարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի պնդումը, ով շաբաթ օրը «Ազատությանն» ասել էր, թե հոսանքը 6.93 դրամով թանկացնելու որոշումը չի բեկանվի, և որ էլեկտրական ցանցերի անխափան ու անվտանգ աշխատանքի համար այդ սակագինը մինիմալն է։
«ՀԾԿՀ-ն միշտ և այս անգամ էլ մանրամասն, խորը մասնագիտական վերլուծություն է կատարել և հայտնել իր դիրքորոշումը։ Մենք՝ որպես պետական կառույց, օժտված ենք որոշակի գործառույթներով, որոնց համար պատասխանատվություն ենք կրում՝ ապահովել հուսալի, անվտանգ, անընդհատ, որակյալ էլեկտրամատակարարում։ Այս սակագինը այն մինիմալն է, որը կարող է ապահովել իմ թվարկած այս գործոնները։ Այդ տեսակետից, եթե հնարավոր լիներ, մենք ինքներս շահագրգռված ենք, որ այս սակագները լինեին հնարավորինս մեղմ կամ ընդհանրապես չբարձրանային»,- մասնավորապես ասել էր Ռոբերտ Նազարյանը։