Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս եկած ակտիվիստները գաղտնի են պահում իրենց մարտավարությունը, սակայն վստահեցնում են՝ երեկոն մայրաքաղաքում թեժ է լինելու:
«Չբացելով բոլոր չակերտները՝ կարող եմ ասել, որ տոկի ենք տալու իշխանությանը», - այսօր «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը, - «Մեր նախկին զգուշացումներին ականջալուր չեղան, բայց այս անգամ համբերության բաժակը լցվել է, և այսօր ականատես կլինեն այն ամենին, ինչին երբևիցե չեն սպասել: Դա լինելու է ժողովրդի ցասումն ու ժողովրդի պահանջը»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ի նիստում միաձայն որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6.93 դրամով: Շուշանյանի պնդմամբ՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովի որոշումը եղանակ չի փոխում, այսօր երեկոյան Ազատության հրապարակում անցկացվելիք բողոքի ակցիայի պահանջն ուղղված է լինելու նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետ Հովիկ Աբրահամյանին։
«Բոլորին կոչ եմ անում առհասարակ անտեսել ամսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում կայացված որոշումը, որովհետև դա մեզ համար առոչինչ է», - ասաց Շուշանյանը:
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը բարձր լարմամբ երեկո է խոստանում նաև հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում։ Նախաձեռնության Շիրակի մարզի ակտիվիստները Գյումրիի թատերական հրապարակում հանրահավաք կանցկացնեն, որին նույնպես կհաջորդի բողոքի երթը։
Երեկոյան բողոքի հանրահավաքներ են սպասվում նաև Վանաձորում, Աբովյանում, Սիսիանում, Կապանում և այլ քաղաքներում։