Երեկ երեկոյան տեղացած ուժեղ կարկուտը Շիրակի մարզի 5 գյուղական համայնքների ցանքատարածություններին զգալի վնաս է հասցրել: Կառնուտցիներից շատերին այսօր կարելի էր դաշտերում հանդիպել: Եկել էին հասկանալու, թե կարկտահարությունից հետո ցանած բերքից ինչ է մնացել:
«Ի՞նչ է մնացել՝ սև հողը: 50-60, տեղ կա՝ 80 տոկոսով վնասվել է բերքը», - ասաց գյուղացիներից մեկը:
«Երկու հեկտար գարի է իմս զարկել կարկուտը: Երկու հեկտարը ոչ պակաս պիտի 5-6 տոննա գարի տար, հիմի որ կես տոննա էլ տա, լավ է», - նշեց Կառնուտի մեկ ուրիշ բնակիչ:
Գյուղացիները կրած վնասի փոխհատուցման հույս չունեն: Ասում են՝ էլի են տուժել կարկուտից, բայց օգնություն չեն տեսել կառավարությունից:
«Միշտ էլ կարկուտը եկել է, միշտ էլ չարչարվել, նորից ցանել ենք: Կառավարությունը ինչ է արե՞լ որ: 7-8 հազարով պարարտանյութ է տվել: Էդ օգնությո՞ւն է: Քաղաքում թափած է, կարող եմ ես էլ գնալ, առնել: Էդ օգնությո՞ւն է», - դժգոհեց մի գյուղացի:
Կառնուտցիներն ասում են, որ տարբեր բանկերից վարկեր են վերցրել, հող մշակել, որ տուն պահեն, հիմա կանգնել են և՛ վարկի մարման, և՛ տուն պահելու խնդրի առաջ․ - «Էլ ի՞նչ հայ ենք, որ վարկ չունենանք»:
Կարկուտից տուժած գյուղացիները հիասթափվել են, ասում են՝ հաջորդ տարի դժվար էլ հող մշակեն:
Նշենք, որ Շիրակի մարզում սա կարկտահարության երկրորդ դեպքն է: Թե համայնքները որքան են տուժել, տեղում կաշխատի և կգնահատի մարզպետարանի հանձնաժողովը: Հասցված վնասի արձանագրությունները կուղարկվեն գյուղատնտեսության նախարարություն, որտեղ էլ կորոշվի՝ փոխհատուցում կտրամադրվի՞, թե՞՝ ոչ: