Փոստանջյանը հոսանքի թանկացման կասեցումը հնարավոր է համարում զանգվածային ցույցերի միջոցով

Your browser doesn’t support HTML5

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը խորհրդարանական ուժերին երկու խմբի էր բաժանել. իշխող հանրապետականները պաշտպանում էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, ընդդիմադիրներն էլ պնդում էին, որ թանկացումը չպետք է թույլ տրվեր, և էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ հասկանում են, որ թանկացումը ժողովրդի սրտով չէ, բայց դրա համար օբյեկտիվ պատճառներ կային։

Բաղդասարյանի խոսքով, այժմ կառավարությունը անապահովներին օգնելու համար հաշվարկներ է կատարում։ Նախորդ տարի, օրինակ, սակագնի բարձրացումից հետո կառավարությունը անապահով ընտանիքներին ամսական հազար դրամ էր տվել։

Իշխող կուսակցությունում տեղյակ են, որ առաջիկա օրերին բողոքի ցույցեր են սպասվում: ԱԺ փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, մարդիկ բողոքելու իրավունք ունեն, բայց ամեն ինչ պետք է օրինականության սահմաններում լինի։ Շարմազանովը շեշտեց, որ իրենք էլ են դեմ թանկացմանը, իսկ այն հարցին, թե հնարավոր է արդյոք՝ հանրապետականներն էլ բողոքի ցույցերի մասնակցեն, դժվարացավ պատասխանել։

«Մենք դահլիճներում ենք աշխատում, քննարկում ենք, նայում ենք, բայց Հանրապետականը մեծ է, 150 հազար կուսակիցներ ունենք: Բայց մի բան համոզված եղեք․․․ Ես խնդրում եմ՝ մեր ժողովուրդը չմտածի, որ իշխանությունների ուշք ու միտքը գնում է, որ երկրում լինի թանկացում: Մենք էլ մեր ժողովրդի մի մասնիկն ենք», - ասաց Շարմազանովը:

Խորհրդարանի ընդդիմադիր ուժերը սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին մասնակցելու են։

«Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանի խոսքով, փողոց են դուրս գալու, քանի որ խորհրդարանում մեծամասնությունը թույլ չի տա որևէ նախաձեռնությամբ հանդես գալ։

«Զանգվածային անհնազանդություն պետք է ցուցաբերվի, որովհետև այլ ճանապարհ մենք չունենք, և բողոքի ակցիաներ պետք է տեղի ունենան համատարած առնվազն բոլոր շրջկենտրոններում միաժամանակ, որպեսզի այդ բողոքի ազդեցության ներքո հնարավոր լինի փոխել այդ որոշումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով էլ, փողոցային պայքարը կարևոր է, դա ճնշման միջոց կարող է լինել, իսկ հարցը լուծելու համար, ըստ նրա, խմբակցությունները պետք է ելքեր գտնեն: Իրենք առաջարկում են քաղաքացիներին փոխհատուցելու ռեալ մեխանիզմներ մտածել։

ԲՀԿ-ում նաև կարծում են, որ ՀԷՑ-ում պետք է ստուգումներ անցկացվեն: Զոհրաբյանի պնդմամբ, ռուսական ընկերությունը «խուլիգան մենեջմենթ» է իրականացրել․ - «Ժողովուրդը ինչո՞ւ պիտի վատ մենեջմենթի, թալանի և գողության պատճառով, ձեր փոխարեն՝ թալանչիների փոխարեն տանի էդ խաչը»:

Դաշնակցությունն էլ է վստահ, որ ոչ միայն ՀԷՑ-ում, այլ նաև ամբողջ էներգետիկ համակարգում պետք է ստուգումներ անցկացվեն։ Արծվիկ Մինասյանի խոսքով, առաջիկա շաբաթներին պատրաստ կլինի նաև ոլորտին առնչվող իրենց օրինագիծը, որով առաջարկելու են սակագնի վերին շեմ սահմանել։

«Երկրորդ փոփոխությունը, որ մենք առաջարկելու ենք՝ որ որևէ սակագին առնվազն 5 տարի փոփոխության ենթակա չի կարող լինել, առնվազն բարձրացման ուղղությամբ», - ասաց Մինասյանը:

Վանաձորից ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով, բողոքի ցույցեր են նախատեսվում նաև իր հայրենի քաղաքում։ Նա վստահ է՝ քաղաքական ուժերը պետք է միասին քննարկեն և վերջնական լուծում գտնեն, քանի որ, ըստ պատգամավորի, մոտ 7 դրամով բարձրացումը կարող է վերջինը չլինել, և երաշխիքներ չկան, որ այս բարձրացումով խնդիրները կլուծվեն։ Նա որպես տարբերակ առաջարկում է ազգայնացնել Էլեկտրական ցանցերը։

«Կա՞ միլիոնավոր դոլարների պարտք, պետությունը երաշխավո՞ր է կանգնել վարկը վերցնելուց: Եթե իրանք չվճարեն պետությո՞ւնն է վճարելու: Եկեք ազգայնացնենք էդ ընկերությունը էդ պարտքի դիմաց: Տարբերա՞կ է: Տարբերակ է: Քննարկո՞ւմ ենք: Ոչ: Կա՞ պատասխանատվության բարձրացված հարց: Չկա», - ընդգծեց Մարուքյանը: