«Բարեփոխումների վերջնական նպատակը պետք է լինի հանրության վստահության ամրապնդումը»

Հայաստան - ԵԽԽՎ համազեկուցողների հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Երևան, 11-ը հունիսի, 2015թ․

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը պետք է լինի քաղաքական բազմակարծության, Ազգային ժողովի առջև Կառավարության պատասխանատվության ու վերջնական արդյունքում՝ քաղաքական համակարգի նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումը: Անցած շաբաթ Երևան կատարած այցից հետո, այսօր այդ մասին հայտարարել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը:

Ողջունելով համակարգային թերությունները սահմանադրական բարեփոխումների միջոցով շտկելու Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները միաժամանակ ընդգծում են, որ քաղաքական ուժերը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն այս բարեփոխումների, հատկապես կառավարման համակարգի փոփոխության՝ կիսանախագահականից խորհրդարանականի անցնելու շուրջ:

Իշխանությունների և ընդդիմադիր ուժերի հետ մի քանի օր շարունակված հանդիպումներից հետո եվրոպացի պատգամավորներն արձանագրում են՝ Հայաստանում քաղաքական ու ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մակարդակը դեռ շատ ցածր է: Հաշվի առնելով դա՝ համազեկուցողները խորհուրդ են տալիս խուսափել բարդ ընտրական համակարգերից, պատճառաբանելով՝ դրանց նպատակները կարող են հեշտորեն սխալ մեկնաբանվել: Այդուամենայնիվ, հայտարարության մեջ չի նշվում՝ ընտրական որ համակարգն են եվրոպացի պատգամավորները բարդ որակում, և կան արդյոք այս առումով փոփոխության նախադրյալներ ու մտահոգություններ:

Այսօր տարածած հայտարարության մեջ Ֆիշերն ու Միլը նաև կոչ են անում Հայաստանի իշխանություններին միջազգային դիտորդների հրավիրել՝ առաջիկա հանրաքվեին հետևելու համար, ինչպես նաև երաշխավորել, որ այս հարցի շուրջ պատշաճ հասարակական խորհրդակցություններ և բանավեճեր անցկացվեն:

Համապարփակ բանավեճը և հանրաքվեի լիակատար ժողովրդավարական ընթացակարգը առանցքային նշանակություն ունեն նոր Սահմանադրության լեգիտիմության համար, ընդգծում են եվրոպացի պատգամավորները, որոնք ավելի ուշ զեկույց են պատրաստելու Հայաստանի վերաբերյալ:

Մինչ այդ հրապարակված հայտարարության մեջ Աքսել Ֆիշերն և Ալան Միլը փաստում են, որ առայժմ սահմանադրական բարեփոխումների շուրջ հասարակական բանավեճը հիմնականում կենտրոնանում է քաղաքական համակարգի հնարավոր փոփոխության վրա, մինչդեռ բարեփոխումների հայեցակարգը ենթադրում է նաև բազմակողմանի փոփոխություններ՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները և արդարադատության անկախությունը ամրապնդելու նպատակով: Ողջունելով այս մտադրությունը, համազեկուցողներն ընդգծում են՝ քաղաքական համակարգի շուրջ հասկանալի բանավեճը չպետք է երկրորդ պլան մղի մարդու իրավունքների ու դատական համակարգի շուրջ քննարկումները:

Ակնկալվում է, որ Հայաստան այցի շուրջ տեղեկատվությունը համազեկուցողները սեպտեմբերին կփոխանցեն ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովին, տարվա երկրորդ կեսին էլ ևս մեկ անգամ կայցելեն Երևան: