Հալեպի նոր հրթիռակոծման զոհերի թվում հայեր չկան

Երեկ և այսօր առավոտյան դարձյալ հրթիռակոծվել և հարձակումների են ենթարկվել Հալեպի կենտրոնական թաղամասերը։ 23 մարդ, որոնցից 7-ը՝ երեխա, զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ զոհվածների մեջ հայեր չկան, իսկ վիրավորների մասին տեղեկատվությունը ճշտվում է։ Սեպիլ թաղամասում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Պողիկյանի փոխանցմամբ, մինչև առավոտ պայթյունների ձայները լսելի են եղել հայաբնակ շրջաններում։ Ավելի վաղ հրթիռակոծվել էին նաև հայկական թաղամասերը․ - «Բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ չկան, բայց կան ահավոր վնասներ»:

Հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ թեև էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը բարելավվել է, սակայն համացանցը խափանումներով է աշխատում։

Մայդա Բակկալյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ առօրյա կարիքները դժվարությամբ են հոգում, ու թեև հայկական եկեղեցուց երբեմն օգնություն են ստանում, սակայն դա բավարար չէ:

«Շատերը Հայաստան են ուզում գալ, սակայն անգամ դրամ չունեն, որ հաց գնեն», - ասաց նա՝ հավելելով, թե պատերազմի սկզբից ևեթ Հայաստանը պետք է մտածեր հայերին փրկելու մասին․ - «Հիմա ժողովուրդին ո՛չ հույս, ո՛չ ուժ է մնացել Հայաստան գալու»: