ՀԲ․ Եթե նոր կայաններ չկառուցվեն, Հայաստանը էլեկտրաէներգիայի պակասուրդ կունենա

Your browser doesn’t support HTML5

Համաշխարհային բանկի ուսումնասիրության համաձայն, եթե առաջիկա տարիներին Հայաստանում նոր էլեկտրակայաններ չկառուցվեն, ապա տասը տարի անց արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը գրեթե կրկնակի պակաս կլինի պահանջարկից:

Այսօր հրապարակված «Հայաստանի էներգետիկ ոլորտի քաղաքականության վերաբերյալ ծանոթագրության» համաձայն, «Հրազդանի ՋԷԿ-ի բոլոր բլոկների օգտակար ծառայության ժամկետը կավարտվի մինչև 2016թ․-ը» (այստեղ նշենք՝ խոսքը չի վերաբերում նույն ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկին, որը պատկանում է «Գազպրոմին» ու արդիականացվել է): Բացի այդ, ենթադրվում է, որ ատոմակայանի շահագործման ժամկետը կավարտվի 2025թ․-ին: Առանց նոր կայանների՝ 2026թ․-ին էլէկտրաէներգիա արտադրող հայաստանյան հզորությունները կկազմեն մոտ 1 200 ՄՎտ, մինչդեռ պահանջարկը կկազմի շուրջ 2200 ՄՎտ:

«Հայաստանին անհրաժեշտ են լինելու լրացուցիչ արտադրական հզորություններ՝ մոտ ապագայում, երկարաժամկետում էլեկտրաէներգիայի մատակարարման պակասուրդից խուսափելու համար», - ասում է Համաշխարհային բանկի էներգետիկ ոլորտի փորձագետ Արթուր Կոչնակյանը:

«Էներգետիկ աղքատություն»

Համաշխարհային բանկը նաև նշում է, որ էլեկտրաէներգիայի շարունակական թանկացման հետևանքով տնային տնտեսությունները ստիպված են իրենց եկամուտների ավելի մեծ չափն ուղղել էլեկտրաէներգիայի վճարումների համար:

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ միջին տնային տնտեսությունը արդեն իսկ իր տնօրինվող եկամտի ավելի քան 10 տոկոսը ծախսում է էլեկտրաէներգիայի վրա, դեռ հաշվի չառած այս վերջին թանկացումը, որը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից», - ասում է Կոչնակյանը: - «Դա միջազգային պրակտիկայում համարվում է էներգետիկ աղքատություն, այսինքն՝ տնային տնտեսությունները չեն կարող թույլ տալ իրենց սպառել նույնիսկ մինիմալ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակ, որն իրենց անհրաժեշտ է կենսագործունեություն ապահովելու համար»:

Էլեկտրաէներգիան դարձյալ թանկանալու է

Տնտեսագետները նախազգուշացնում են՝ 2017թ․-ին ատոմակայանի՝ կես տարով վերանորոգման կանգնելը կրկին կհանգեցնի էլեկտրաէներգիայի թանկացման: Անցած ամիս լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ուղղակի ակնարկեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Եթե հաշվի առնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է հունիսի 17-ի նիստում 6.93 դրամով թանկացնել բնակչությանը վաճառվող 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիան, ապա կստացվի, որ 2009-2015թթ․ ընթացքում՝ չորս անգամ տեղի ունեցած թանկացումների հետևանքով էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը աճել է 95.1 տոկոսով՝ 25 դրամից դառնալով 48.78 դրամ, իսկ գիշերայինը՝ 223.1 տոկոսով՝ 12 դրամի փոխարեն 38.78 դրամ: Այսօր «Ազատության» հարցին՝ արդյոք էլեկտրաէներգիա արտադրող նոր կայանների կառուցումը չի՞ հանգեցնի հոսանքի հերթական թանկացմանը, Արթուր Կոչնակյանը արձագանքեց․ - «Չէի ասի էականորեն պետք է բարձրանա, բայց ցանկացած նոր ներդրում ենթադրում է սակագնի աճ, որովհետև այդ կապիտալ ներդրումը պետք է հետ գնվի, իսկ դա հետ է գնվում սակագնի միջոցով»:

Վրացական ՋԷԿ-երի համար գազն ավելի էժան է

Ի դեպ, Համաշխարհային բանկի փորձագետը ուշագրավ տեղեկություն հայտնեց՝ նախորդ տարիներին Վրաստանում էլեկտրաէներգիայի գնի անփոփոխ մնալու պատճառներից մեկն այն է որ վրացական ջերմաէլեկտրակայանները Ադրբեջանից գրեթե երկու անգամ էժան են բնական գազը գնում, քան Հայաստանի ՋԷԿ-երը՝ Ռուսաստանից:

«Այս պահի դրությամբ վրացական ջերմային էլեկտրակայանների համար գազի սակագինը կազմում է մոտ 160-170 դոլար 1000 խորանարդ մետրի համար: Դա արդեն դարպասի մոտ ջերմային էլեկտրակայանի: Իսկ մեզ մոտ, եթե գիտեք, խոշոր սպառողների սակագինն է տարածվում, որը ավելացված արժեքի հարկով կազմում է ավելի քան 270 դոլար», - ասում է նա: