12-րդ «Ոսկե Ծիրան»-ը երկու ծրագիր նվիրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Your browser doesn’t support HTML5

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ին։

12-րդ «Ոսկե Ծիրանը» այս տարի ստացել է ավելի քան 1600 հայտ 105 երկրներից։ Ընտրված մոտ 200 ֆիլմերը բաշխվել են 4 մրցութային ու արտամրցութային ծրագրերում։

Փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի մտցվել են «Մենք կանք» և «Այլևս երբեք» ծրագրերը։

«Զարմանալի տարի է սա․ և՛ տխրության տարի է, և՛ պայծառության, որովհետև հարյուրամյակ ենք նշում կարծես թե, բայց ուրախ ենք, որ գործում ենք, ուրախ ենք, որ ունենք միջազգային փառատոններ, ուրախ ենք, որ նկարահանում ենք ֆիլմեր, ուրախ ենք, որ միասին ենք», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Խաչատրյանը:

Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը մանրամասնեց, որ «Մենք կանք» ծրագրում ներառվել են Հայոց ցեղասպանության մասին հայերի նկարահանած ֆիլմերը, իսկ «Այլևս երբեք» ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր՝ նվիրված աշխարհում տեղի ունեցած ցեղասպանություններին:

Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կգլխավորի ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը, վավերագրական ֆիլմերի ժյուրին՝ չեխական ճանաչված վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Մարեկ Հովորկան։

Ռոբեր Գեդիկյանի անունը Երևանում կհնչի նաև այլ առիթով՝ հենց նրա ստեղծագործությամբ կբացվի փառատոնը․ Կաննի կինոփառատոնում ցուցադրված «Խելագարի պատմություն» ֆիլմը Մեծ եղեռնի հետևանքների, այն վերապրածների սերունդների ու վերջիններիս պայքարի մասին է։

Աշխարհի ամենահեղինակավոր փառատոնների այս տարվա դափնեկիր ֆիլմերը, ինչպես նաև տարվա ընթացքում ամբողջ աշխարհում նկարահանված ամենաուշագրավ ֆիլմերը հայ հանդիսատեսին կներկայացվեն «Երևանյան պրեմիերա» ծրագրի շնորհիվ։

«Երկու մեծ, լավ ծրագիր ունենք՝ նոր կինո․ նոր ֆրանսիական կինո և նոր գերմանական կինո, որոնք բավական հարուստ են և իսկապես և՛ նոր անուններ են ներկայացնում, և՛ նոր ֆիլմեր», - հավելեց Միքայել Ստամբոլցյանը:

Նշենք, որ փառատոնի նախորդ տարիների ցուցադրության դահլիճներին այս տարի ավելացել է ևս մեկը՝ նորաբաց «Հայաստան» կինոթատրոնը։