4-ամյա երեխան ավտոտնակի տանիքի լարով հոսանքահարվել է և մահացել

Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 4-ամյա երեխայի՝ հոսանքահարության հետևանքով մահանալու դեպքի առթիվ:

Հայաստնի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հունիսի 4-ին ժամը 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «էլեկտրահարություն» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 4 տարեկան տղան, գիտակցության չգալով, մահացել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ երեխան էլեկտրահարվել է Շինարարների 29 շենքի բնակիչներից մեկի կողմից շենքի բակում գտնվող ավտոտնակի տանիք բնակարանից տարված հոսանքալարով, ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն։