Բաքվում մեկնարկած Եվրոպական մարզական խաղերի առաջին օրը Հայաստանը ներկայացրեց հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը:
2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր հայաստանցի ըմբիշը վերջին գոտեմարտը կանցկացնի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ:
59 կիլոգրամ քաշային Ռոման Ամոյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում պորտուգալացի Ժոաո Կարվալյուն էր, ում պարտության մատնեց 6-0 հաշվով:
Ոսկե մեդալի համար պաքարից Ամոյանը զրկվեց Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը միավոր չվաստակեց, ինչի արդյունքում գրանցվեց պարտություն ժամանակից շուտ:
Ըմբշամարտի օրենքների համաձայն, եթե Ամոյանի մրցակիցը դուրս գար եզրափակիչ, ապա նա հնարավորություն կստանար պաքարելու բրոնզե մեդալի համար:
Ռուսաստանը ներկայացնող 23-ամյա Մարյանյանը ոսկե մեդալի համար պաքարի դուրս կգա Բելառուսի ներկայացուցիչ Սոսլան Դաուրովի հետ, իսկ Մարյանյանին պարտված ադրբեջանցի 20-ամյա Էլման Մուխտարովը կգոտեմարտի փորձառու Ռոման Ամոյանի հետ բրոնզե մեդալի համար:
Նշենք, որ Ամոյանը հանդիսանում է Հայաստանի հավաքականի հավակնորդներից մեկը, և նրանից մեդալ է ակնկալվում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցապայքարներում Հայաստանից հանդես կգան նաև Միհրան Հարությունյանը (66կգ), Կարապետ Չալյանը (75կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85կգ), ովքեր պայքարի դուրս կգան հունիսի 14-ին:
Ա.Մ.