Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր անցկացվել է Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ընդգծելով պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի իրականացման անհրաժեշտությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ռազմավարական վերանայման նպատակն է ապահովել առկա սպառնալիքների բացահայտման, դրանց դիմագրավման համար անհրաժեշտ ռազմավարության մշակման, պահանջվող կարողությունների պլանավորման, ծրագրման և բյուջետավորման աշխատանքների միջև կապը, հայտնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը։

Նիստի ընթացքում ամփոփվել են վերանայման գործընթացի նախորդ փուլի արդյունքները, քննարկվել են Հայաստանի ռազմաանվտանգային միջավայրը, բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքները, պաշտպանության ոլորտի, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ծրագրի կառուցվածքային դրույթները, հստակեցվել է ռազմավարական վերանայման հետագա փուլերի ընթացքում ՀՀ անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ պետական կառավարման մարմինների համակարգված և նպատակաուղղված գործունեության դաշտը:

Նույն օրը ՊՆ-ի վարչական համալիրում անցկացվել է նաև աշխատանքային խորհրդակցություն նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և բանակային զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ: Հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար Սեյրան Օհանյանի կողմից առաջադրվել են նաև մի շարք խնդիրներ՝ մշտական տեղակայման վայրերում ու մարտական հենակետերում անձնակազմի զգոնությունը բարձրացնելու, այդ ուղղությամբ համալիր միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ: