Բակում ճոճանակի ընկնելու հետևանքով երեխայի մահվան փաստով քրգործ է հարուցվել

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 12-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ երեկ ժամը 20-ին «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի կանգ կենսաբանական մահով իրենց մոտ է տեղափոխվել 12-ամյա Լիլիթը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Երևանի Ռ. Մելիքյան փողոցի 2Ա շենքի բակում խաղալիս երեխայի վրա ընկել է բակային տարածքում տեղադրված ճոճանակը, որի հետևանքով աղջնակը ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:

Դեպքի առթիվ երեկ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մանկահասակների համար նախատեսված՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:

Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Հարցաքննվել են վկաներ, նրանց թվում՝ այն անձինք, ովքեր առաջինն են նկատել ընկած երեխային և փորձել օգնություն ցուցաբերել նրան։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանության Մալաթիայի բաժնին:

Նախաքննության արդյունքների մասին Քննչական կոմիտեն խոստանում է տեղեկություն տրամադրել լրացուցիչ:

Տվյալ թեմայով առավել մանրամասն՝ այսօր ավելի ուշ