Տիեզերագնացների եռյակը Երկիր վերադարձավ

Միջազգային տիեզերական կայանից երեք տիեզերագնացներ Երկիր են վերադարձել 199 օր փակ տարածքում գտնվելուց հետո: Ամերիկացի Թերրի Վիրթսը, իտալացի Սամանտա Քրիստոֆորետին և ռուսաստանցի Անտոն Շկապլերովը վայրէջք կատարեցին Ղազախստանի տափաստանում:

Եռյակը Միջազգային տիեզերական կայանում էր 2014-ի նոյեմբերից՝ կատարելով հետազոտություններ և փորձարկելով նոր տեխնոլոգիաներ:

Կայանում են մնացել Ռուսաստանի Դաշնային տիեզերական գործակալությունը ներկայացնող Գենադի Պադալկան, ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալության (NASA) տիեզերագնաց Սքոթ Քելլին և «Ռոսկոսմոս»-ի ներկայացուցիչ Միխայիլ Կորնիենկոն:

Քելլին և Կորնիենկոն մնալու են դեռ շուրջ մեկ տարի և տեղեկություններ են հավաքելու ապագայում երկարաժամկետ տիեզերական առաքելություններ կազմակերպելու համար: