Ընդդիմադիրները կողմ չեն քվեարկի 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությանը

Your browser doesn’t support HTML5

Անցած տարվա բյուջեի կատարման հաշվետվությանը, ամենայն հավանականությամբ, կողմ կարտահայտվի միայն իշխող Հանրապետականը:

«Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ ազգային կոնգրեսի, Դաշնակցության և «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչները «Ազատությանը» փոխանցեցին, որ կողմ չեն քվեարկելու:

Եթե Հանրապետական խմբակցությանը չմիանան անգամ խումբ-խմբակցություններում չընդգրկված պատգամավորները, կատարողականի հաստատման համար նրանց ձայներն էլ բավարար են։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ասաց, թե դահլիճում կհնչեցնի իրենց տեսակետը:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին այս հայտարարությունը չզարմացրեց․ - «Նորմալ չէի էլ ընդունի, եթե նրանք դրական պետք է արտահայտվեին»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բացառեց կողմ քվեարկությունը․ - «Որևէ փոփոխություն, անկախ իրենց հռչակած բարի ցանկություններից և բարի մտադրություններից, տեղի չի ունեցել Հայաստանի քաղաքացու ապրելակերպի մեջ: Իսկ ձեռնպահ թե դեմ՝ որովհետև ի վերջո նաև պիտի ընդունենք, որ տասնյակ հազարավոր մարդիկ ստացել են թոշակ, նպաստ, նաև շատ կարևոր ծախսեր բանակի համար արվել են, դա արդեն խմբակցությունը կքննարկի քվեարկությունից առաջ»:

Դաշնակցությունը, խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկի 2014-ի բյուջեի կատարողականին․ - «Այլ բան է, երբ պաշտոնատար անձինք հայտարարում են, թե մենք որոշակի աճ ունենք, և այլն, և այլն: Բայց իրականությունը այն է, որ մենք ճգնաժամը չենք հաղթահարել, և շարունակում է մեր տնտեսությունը, և ոչ միայն տնտեսությունը, տառապել ճգնաժամի ճիրաններում»:

ՀԱԿ-ը հաստատակամ է՝ դեմ են քվեարկելու: Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ մերժելու են «Հայաստանում ձախողված կառավարումը»․ - «Բացի նրանից, որ մենաշնորհային տնտեսություն ունենք, կոռումպացված իշխանություն ունենք, ընտրակեղծարարություն ունենք․․․ Գլխավոր պրոբլեմը այս կառավարության գործունեության այն է, որ իշխանություններն անգամ չեն փորձում արձանագրել ակնհայտը՝ որ երկրում գոյություն ունի ճգնաժամ»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համարում է, որ «ճգնաժամ» բնորոշումը չափազանց խիստ է․ - «Ճգնաժամը նրանք հավասարեցնում են համարյա դեֆոլտի աստիճանին: Որը չի կարելի նման բառակապակցություններ օգտագործել․․․ Ունենք խնդիրներ, և իրոք՝ լուրջ խնդիրներ, որոնք մենք հաղթահարելի և լուծելի ենք համարում: Եվ այդ խնդիրները մեզնից չէ, որ կախված են»:

Այսուհանդերձ, երբեմնի «քառյակի» ուժերից ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն մտադիր չեն նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց:

Արծվիկ Մինասյանն այս կապակցությամբ ասաց․ - «Նախ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի, ըստ Սահմանադրության և Կանոնակարգ-օրենքի, պառլամենտը մեծամասնությամբ դեմ քվեարկի նախագծին, ինչը կբերի նաև մեխանիկորեն հետագա գործողությունների: Զուտ որպես առանձին խմբակցության այս պահին նպատակահարմար չենք համարում, որովետև անհրաժեշտ աջակցությունը մենք չենք տեսնում»:

Լևոն Զուրաբյանն ասաց․ - «Հիմա ես նման պատրանք չունեմ, որ մենք կարողանանք պառլամենտում անվստահություն հայտնել կառավարությանը»:

Խորհրդարանում այսօր կրկին փնտրվում էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա իր գործը վստահել էր պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին: Երկու տարի առաջ Սերժ Սարգսյանի քննադատությանից ի վեր Իշխան Զաքարյանը խուսափում է հրապարակային ելույթներից:

«Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է կատարվել Իշխան Զաքարյանի հետ», - նշեց Լևոն Զուրաբյանը: - «Ինչո՞ւ է նա, կոպտորեն խախտելով իր սահմանադրական պարտականությունները, օրենքով նախատեսված պարտականությունները, արհամարհում Ազգային ժողովը, չի գալիս նիստերի: Եվ ամենահետաքրքիրը՝ դրա մասին չի տրվում որևէ տեղեկություն նաև Ազգային ժողովի ղեկավարության կողմից»:

Խորհրդարանի խոսնակն այսպես արձագանքեց․ - «Ես ի գիտություն եմ ընդունում Ձեր հայտարարությունը: Պարզապես ուզում եմ ներկայացնել, որ սա այն դեպքը չէ, որ խորանանք նման հարցերում»: