Հանձնաժողովն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիան թանկացնել մոտ 7 դրամով

Your browser doesn’t support HTML5

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը չհերքեց տեղեկությունները էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 7 դրամով բարձրացնելու մասին։

Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայքէջում հրապարակեց որոշման նախագիծը, որը Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը պետք է հաստատի հունիսի 17-ին կայանալիք նիստում։ Այսօր ավելի վաղ այդ մասին հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ հաշվարկներ են կատարվում, որպեսզի պարզեն, թե ինչ ազդեցություն կունենա այդ թանկացումը տնտեսության վրա։

«Հաշվարկում ենք ազդեցությունը մեր տնտեսության վրա և մեր բնակչության վրա: Նաև փորձելու ենք մեր նպաստառուներին աջակցել, օգնել, որպեսզի իրենք այդ բեռը չզգան: Ուղղակի թող հանձնաժողովը հաստատի, և մենք դրա հետևանքների մասին բարձրաձայն խոսելու ենք», - հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն ասաց, որ սպասում են էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խորհրդարանում այս շաբաթվա վերջում անցկացվելիք լսումներին, որին ներկա կլինեն ոլորտի պատասխանատու նախարարները։ Նա վստահեցրեց՝ ՀԷՑ-ի աղմկահարույց ծախսերը, օրինակ՝ թանկարժեք մեքենաների վարձավճարները, թանկացման հիմք չեն լինի։

Մեկ ամիս առաջ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ թանկացման պատճառներից մեկն էլ «ՀԷՑ-ում վատ կառավարումն ու գողությունն է եղել»։ Հարցին, թե արդյոք իրավապահները չեն պատրաստվում ստուգումներ սկսել գողության փաստեր բացահայտելու համար, Աբրահամյանը պատասխանեց, որ նախարարի հայտարարությունը չի լսել, ինքն էլ փաստեր չունի։

«Ասել է՝ բացթողումներ: Ամեն դեպքում, ես հետամուտ կլինեմ, կհասկանամ՝ ինչի մասին է խոսքը: Եթե կան նման բան, ուրեմն պետք է դիմել պատկան մարմիններին, որոնք կզբաղվեն այդ գործով: Ես որևէ փաստ չունեմ կոնկրետ», - արձագանքեց վարչապետը:

Ի տարբերություն վարչապետ Աբրահամյանի, նրա կաբինետում արդարադատության ոլորտը համակարգող նախարար Հովհաննես Մանուկյանը գողության մասին հայտարարությանը տեղյակ էր և ասաց, որ իր կարծիքով, նախարարը գողության մասին հայտարարություն անելիս այդ բառի իրավական իմաստը նկատի չի ունեցել․ - «Ես կարծում եմ, որ այդ հարցը պիտի համապատասխան ուսումնասիրության առարկա լինի կոմպետենտ մարմինների կողմից»:

Նախարար Մանուկյանի կարծիքով, այս պատմությունը պետք է դաս լինի` էներգետիկ ոլորտում օրենքները և վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։

Ի դեպ, էլեկտրաէներգիայի վերջին թանկացումից հետո՝ նախորդ տարի սոցիալապես անապահով ընտանիքները որպես օգնություն պետությունից հավելյալ 1 000 դրամ էին ստացել։ Թե ինչ չափով կառավարությունը անապահովներին կօգնի այս տարի, վարչապետը չնշեց, փոխարենն ասաց, որ ամեն ինչ անելու են, որ վիճակը լավանա, իսկ տնտեսությունը աճ է գրանցելու․ - «Մենք լծված ենք կառավարությունով այդ գործընթացներին»: