Կառավարության շենքի մոտ այսօր կրկին հավաքված նաիրիտցիների պատվիրակությանը ընդունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը և խոստացել, որ աշխատավարձի ամբողջ պարտքը կմարվի մինչև հուլիսի 15-ը:
«Մենք խմբի անդամներով երևի բոլորս վստահ ենք, որ մինչև եկող ամսվա 15-ը պարտքերը կմարվի», - ցուցարարներին փոխանցեց Աբրահամյանի հետ հանդիպած պատվիրակության անդամներից մեկը:
Հանդիպման մասնակիցները վարչապետին խնդրել են մինչև հունիսի 15-ը վճարել գոնե մեկ ամսվա աշխատավարձ, որպեսզի կարողանան մուծել կոմունալ վճարները: Հովիկ Աբրահամյանը, սակայն, ոչինչ չի խոստացել՝ պնդելով, որ ամբողջ պարտքը կմարվի միանգամից մեկ ամիս հետո:
Այսօր առավոտյան ցուցարարներին նույնպիսի խոստում էր տվել նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Ցուցարարներից շատերը, սակայն, թերահավատությամբ են վերաբերվում վարչապետի խոստմանը՝ հիշեցնելով, որ նման խոստումներ բազմիցս եղել են նաև նախկինում: «Մինչև գումարը չստանանք, չենք հավատա», - ասում էին նրանք:
«Ձեր բոլորի անունից շնորհակալություն հայտնեցինք և՛ վարչապետին, և՛ նախարարին, և՛ նախագահին, որ վերջապես չորս-հինգ ամսվա չարչարանքի մեր ձայնը լսելի դարձավ: Մեր հարցով դրական լուծում տվեցին», - հայտարարեց հանդիպման մեկ այլ մասնակից՝ հարուցելով ցուցարարներից շատերի զարմանքը:
Նրանցից մեկն ասաց․ - «Ե՞ս եմ շնորհակալ, ինչի՞ համար եմ շնորհակալ: 3-4 ամիս է ոտքի վրա տանջվում ենք, դրա համար շնորհակալություն հայտնե՞մ: Մարդուն տանջելու համար շնորհակալություն հայտնե՞մ»:
Վարչապետի հետ հանդիպումից հետո ցուցարարները հայտարարեցին, որ կսպասեն մինչև խոստացված ժամկետը, և հեռացան Հանրապետության հրապարակից: