Ստորագրվեց Որոտանի համալիրի առքուվաճառքի պայմանագիրը

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի կառավարությունն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը այսօր ստորագրել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը և ամերիկյան ընկերության ներկայացուցիչ Ջոզեֆ Բրանդտը:

Մինչև ստորագրման արարողությունը, ընդունելով Բրանդտին, վարչապետ Աբրահամյանը նշել է, որ պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, և հիշատակել է նախորդ ամիս Վաշինգտոնում Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև ստորագրված «Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը», որը «բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդրումների ներգրավման, ապրանքաշրջանառության և առևտրի խրախուսման համար»:

Պայմանագրի ստորագրումից հետո «Ազատությանը» տված հարցազրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ համալիրի դիմաց ամերիկյան կողմը վճարելու է 180 միլիոն դոլար, և առաջիկա հինգ տարիների ընթացքում կատարելու է ևս 70 միլիոն դոլարի ներդրում:

«Իհարկե, ոչ թե փողի կարիք կա, և դրա համար որոշեցինք վաճառել: Առաջին հերթին, շուկան դիվերսիֆիկացվում է իսկապես․ սա մեկ, ինչի մասին բազմիցս խոսվել է: Երկրորդ կարևոր հանգամանքը դա իսկապես պատշաճ մենեջմենթն է», - նշեց Հարությունյանը:

Ուժի մեջ մտնելուց հետո գործարքը կդառնա ամերիկյան խոշորագույն մասնավոր ներդրումը Հայաստանի պատմության ընթացքում, և, ըստ Հարությունյանի, «Առևտրի և ներդրումների մասին» հայ-ամերիկյան համաձայնագիրը կնքվեց, քանի որ «Որոտանի գործարքը ընթանում էր ճիշտ հունով»:

Նրա խոսքով, այսօր ստորագրված պայմանագիրը ուժի մեջ կմտնի, և ամերիկյան ընկերությունը կսկսի Հայաստանում գործել ոչ ուշ, քան հուլիսի 1-ից, քանի որ դեռևս կա գործընթաց, որը ժամանակ է պահանջում՝ օրինակ, գործունեության լիցենզիայի տրամադրում․ - «Ընկերության տնօրենը հույս հայտնեց, որ այս արդիականացման ծրագրի շրջանակներում «Որոտանը» կսկսի արտադրել անհամեմատ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան այսօր արտադրում է, և խնդիրը իսկապես տեխնոլոգիան է: Նվազեցնելու են կորուստները, ավելի ճիշտ կառավարման շնորհիվ կհաջողվի ստանալ ավելի լուրջ, ավելի մեծ արդյունք»:

Պայմանագիրը ենթակա չէ Ազգային ժողովի վավերացմանը, քանի որ, ինչպես ասաց Հարությունյանը, օրենսդրության համաձայն՝ պետական ընկերության գույքի վաճառքը չի նախատեսում ստանալ խորհրդարանի հավանությունը:

Որոտանի համալիրի վաճառքի վերաբերյալ Հայաստանի կառավարությունը երկրորդ անգամ է պայմանագիր կնքում ամերիկյան այս ընկերության հետ: 2014 թվականի հունվարին կնքված փաստաթուղթը այդպես էլ ուժի մեջ չմտավ, քանի որ վարչապետի աթոռին Տիգրան Սարգսյանին փոխարինած Հովիկ Աբրահամյանի կառավարությունը գտավ, որ կնքված փաստաթղթում կան դրույթներ, որոնք խախտում են Հայաստանի օրենքները:

Քննադատությամբ էր հանդես եկել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով․ - «Գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է»։

Դավիթ Հարությունյանն այսօր փոխանցեց, որ պայմանագրում արված փոփոխությունները բավականին շատ են, սակայն հիմնականը վերաբերում է հիդրոհանգույցներին․ - «Խնդիրը վերաբերում է մի շարք ջրամբարների, որոնք չեն կարող համարվել սեփականություն, և այդ իսկ պատճառով մենք ընտրել ենք մեր օրենսդրությամբ թույլատրելի ճանապարհը՝ կառուցապատման իրավունք․․․ Ջրամբարները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը, բայց կշահագործվեն, բնականաբար, Որոտան հիդրոհամալիրի կողմից»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, իշխանությունները գնացել են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող համալիրի վաճառքին, որովհետև դրամի կարիք ունեն, և Հայաստանի շահերի տեսանկյունից ճիշտ կլիներ ոչ թե վաճառքը, այլ, օրինակ, կոնցեսիոն կառավարման հանձնելը․ - «Առավել ևս, որ նախկին փորձը էներգետիկայի բնագավառում շատ անհաջող էր: Ես ի նկատի ունեմ հենց ՀԷՑ-ը, որի հետ կապված քննարկումներն այսօր են գնում․․․ Ոնց որ թե նույն ճանապարհն են անցնում․ այս կազմակերպությունն էլ գրանցված է օֆշորային գոտում, ՀԷՑ-ի գնորդ կազմակերպությունն էլ գրանցված է օֆշորային գոտում»: