Նախագահը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը Կաննում երեկ ընդունել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆլյոր Պելերենին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Քննարկվել են հայ - ֆրանսիական մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հայաստանի նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ապրիլին Փարիզի «Շատլե» թատրոնում տեղի ունեցած «Համաշխարհային հայկական նվագախմբի» համերգի առթիվ։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու և հարգանքի տուրք մատուցելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտների կազմած ժամանակավոր նվագախմբի համերգները շարունակական կդառնան։

Հայկական կողմն առաջարկել է Ֆրանսիայում բացել սյուրռեալիստական դպրոցի հայ ներկայացուցիչների ցուցահանդես։ Ֆրանսիայի նախարարին առաջարկվել է նաև շարունակել հայ - ֆրանսիական համատեղ կինոարտադրությունը, և որպես դրա լավագույն օրինակ նշվել են Ռոբեր Գեդիկյանի ֆիլմերը։ Երկկողմ համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել կինոփառատոն, որի ընթացքում կներկայացվեն համատեղ նկարահանված ֆիլմերը։ Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարները Սերժ Սարգսյանին զեկուցել են վերոնշյալ հարցերի շուրջ գործակցություն ծավալելու նպատակադրվածության մասին: