Երևանում կբացվի Հայ գրատպության թանգարան

Գերմանիա - Հայաստանի տաղավարը Ֆրանկֆուրտի Գրքի տոնավաճառում, հոկտեմբեր, 2011թ․

Շուտով Երևանը կհամալրվի նոր՝ Հայ գրատպության թանգարանով: Թանգարանը կբացվի ամռան ամիսներին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի հարևանությամբ: Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը «Ազատության» հետ զրույցի ընթացքում ասաց, որ այն ամբողջովին պատրաստ է:

2012 թվականին մեծ շուքով նշված հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ է ծնունդ առել այս նախաձեռնությունը, և ահա երեք տարում արդեն թանգարանը պատրաստ է ու շուտով կընդունի առաջին այցելուներին, որոնք էլ հանգամանալիորեն կարող են ծանոթանալ հայ գրատպության հարուստ ժառանգությանն ու ձեռքբերումներին վերջին հինգ դարերի ընթացքում: Եվ Ազգային գրադարանի այս տարվա կարևորագույն ձեռքբերումը գրադարանի տնօրենը հենց նոր թանգարանի բացումն է համարում:

«Հունիս, հուլիս․․․ Արդեն համարյա պատրաստ է, մանր շտրիխներ ենք դնում, որ լրիվ պատրաստ լինի: Հայաստանում չի եղել երբեք այդպիսի բան: 500-ամյակի հետ էինք սկսել, և, բնական է, ցեղասպանության, կան գրողներ, որոնք էդ թոհուբոհով անցել են, իրենք էլ այնտեղ ներկայացված կլինեն», - ասաց Զարգարյանը:

Իսկ 2015-ի՝ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարի, իրենց նախաձեռնությունների վերաբերյալ Ազգային գրադարանի տնօրենը պատմեց․ - «Մենք արեցինք ապրիլի 24-ին ArmBookExpo-ն՝ Համալիրում, դա փակ դիտում էր՝ հյուրերի համար, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին անելու ենք ընդհանրապես վերջին 20 տարում թե՛ դրսում, թե՛ Հայաստանում տպագրված գրքերի ցուցադրությունը․ մոտ 5 հազար միավոր գիրք ենք ցուցադրելու՝ թե՛ հայերեն և թե՛ այլ լեզուներով, այսինքն՝ շատ մեծ ցուցադրություն ենք անելու»:

Հայ գրքի հնատիպ շրջանում՝ 1512-ից մինչ 1800 թվականները, տպագրվել են ավելի քան 1000 անուն հայերեն գրքեր, որոնցից 360-ը՝ Պոլսում, 308-ը՝ Վենետիկում, մնացյալը՝ Հռոմում և այլուր: Հայ գրքի նոր շրջանում մոտ 2 հազար անուն գիրք է հրատարակվել․ այդ շրջանում հատկապես մեծ գործունեություն են ծավալել Վենետիկի, հետագայում՝ Վիեննայի Մխիթարյան հայրերը:

Արևելյան Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, առաջին տպագրատունը հիմնվել է 1875 թվականին, մեկ տարի անց էլ տպագրատուն է բացվել նաև Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում:

Իսկ Մեծ եղեռնից հետո էլ հայ տպագրության կենտրոններ են բացվել և մինչև օրս գործում են գրեթե ողջ աշխարհում, աշխարհի ամենատարբեր երկրներում՝ Ավստրալիայից մինչև Ամերիկյան մայրցամաք, որտեղ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ սփռվել են հրաշքով վերապրած հայերը:

Այս ամենը շատ հետաքրքիր ձևով ներկայացված կլինի Հայ գրատպության թանգարանում: